Այցելություն Կենդանաբանական այգի․ նոր հայացք

Կենդանաբանական այգի յուրաքանչյուրս այցելել ենք դեռ մանուկ հասակից, հաճախ խղճի խայթ զգացել վանդակի մեջ կենդանու դժբախտ աչքերին նայելիս։ Այս անգամ տպավորությունն այլ էր։ Երբ հանդիպեցինք Կենդանաբանական այգում բնակվող կենդանիներից ոմանց, թվաց, թե նրանք գոհ են ու երջանիկ իրենց բնակության նոր պայմաններից։ Հուսով եմ՝ հետագայում ավելի կընդլայնվի այգին, կենդանիներն ավելի բարենպաստ պայմաններում կապրեն, ողջ կիրճը կլինի նրանց համար անտառ, ձորակ, կքանդվեն հարակից խանգարող օբյեկտները, Գետառը կանցնի կենդանիների ոտքի տակով ու այս ամենը իհարկե ապահով՝ թե մարդու, թե գազանի համար։ Պատկերացրեք՝ անցնում ենք Մյասնիկյան պողոտայով ու տեսնում վերգետնյա ապակե կամուրջներ, որով կիրճի մի կողմից մյուսն են անցնում արջերը, պարաններով մագլցում են կապիկները, իսկ կիրճը երկու կողմից պայթում է տանձենիներով ու այլ պտղատու ծառերով։ Անգամ օձերն են սողում այս ու այն կողմ, հատուկ թափանցիկ ակվարիումներում․ վերանում է մարդու ու կենդանու միջև անհասկանալի սարսուռը, մարդու աչքը կենդանուն է սովորում, կենդանու բնազդը՝ մարդու ներկայությանը, ու նրանց բաժանում են միայն թափանցիկ պատերը․․․

Այցելությունն այսքան հաճելի, տեղեկատվական և իր հետքը թողող չէր կարող լինել առանց Կենդանաբանական այգու գիտահետազոտական բաժնի պատասխանատու Անահիտ Մանթաշյանի ուղեկցության։ Թվում էր, թե նա ճանաչում է բոլոր կենդանիներին, գիտի նրանց բնավորության, նախասիրության, հետաքրքրությունների մասին։ Կարևոր էր տեղեկանալ, որ Կենդանաբանական այգին բացի գիտահետազոտական ինստիտուտ լինելուց, բացի ժամանց ապահովելուց միտված է բազմացնել այն կենդանատեսակներին ու թռչնատեսակներին, որոնք վտանգված են ոչնչացման և վերադարձնել նրանց բնությանը։

Leave a comment