Օրհնության խորհրդանիշ. Խաղողի և գինու դպրոցի պատմություն

Սա իրական հեքիաթ է՝ մի Խաղողի ու Գինու դպրոցի մասին, ծնված անապատում՝ երեք տարի առաջ, հասցեն՝ ՀԱԹ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր: Կրթահամալիրը նույնպես երիտասարդ է՝ ընդամենը 33 տարեկան, ճիշտ Հիսուսի երկրային տարիքին: Ասում են, մի օր կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը երազ տեսավ… զարթնեց, իր երկրագործ ոգով երկնեց Խաղողի և գինու դպրոցը՝ Բանգլադեշ կոչվող անապատի սրտում, զարկ տվեց խաղողագործությանն ու գինեգործությանը, որն ինչպես սրբազան հեղուկ մղվեց կրթահամալիրի զարկերակային համակարգ և ինչպես արյան հոսքն անոթներում՝ ապահովեց մի նոր շարժում, նոր ուղի՝ խաղողի նման կենարար, փաթաթվող, տարածվող ու գգվող: Ստեղծվեց ռիթմիկ աշխատանքային ցիկլ՝ մի քանի փուլերով, յուրաքանչյուրն իր առանձնահատուկ զարգացման ճյուղերով: Առաջին փուլում հետազոտական աշխատանքն էր՝ Խաղողագործությունը. գիտություն խաղողի մշակման և խաղողազգիների աճեցման մասին: Մի ոտքով համացանցում, մյուսով Հայաստանի խաղողագործների ու գինեգործների այգիներում ու գործարաններում՝ սեբաստացի գինեգործներն ուսումնասիրեցին թե՛ նրանց, թե՛ համաշխարհային փորձը, ծանոթացան ոլորտի լավագույն մասնագետների ու գիտնականների հետ, համագործակցեցին և սովորեցին նրանցից՝ փոխարենը տալով այն հույսն ու հավատը, որ իրենց գործը շարունակող կա՛: Կա՛ իրենց գործը շարունակող:

Երկրորդ փուլում ուսումնասիրեցինք Գինեգործությունը՝ Էնոլոգիան, որը խաղողից գինի ստանալու գործընթացների ամբողջությունն է: Սկսվում է խաղողի սելեկցիայով և ավարտվում գինու շշալցմամբ։ Երկու տարեկան սեբաստացիներից սկսած բոլորս գինեգործներ դարձանք, զբաղվեցինք գինեգործությամբ՝ առաջնային, երկրորդային, երրորդային, պարտիզապուրակային ,մշակութային, ծիսական, ավանդական, ազգագրական և այլ դերակատարմամբ՝ կազմելով այս մեծ հնձանում փազլի մի մասնիկը: Գինու դպրոցն իր նվիրյալ ղեկավարն ունի՝ Արտակ Ռշտունին, ում տեսնում ես ամենուր՝ այգիներում հողը փորելիս, խաղող մշակելիս, ջրելիս, մուրճն ու մեխը ձեռքին ցուցանակ տեղադրելիս, գինի պատրաստելիս, շշալցնելիս, սովորողների հետ դասընթացներ ու ճամփորդություններ կազմակերպելիս: Մի Արտակ Ռշտունի ու մի Խաղողի ու Գինու աշխարհ աշխատանք, ի~նչ էներգիա և ինչ կամքի ուժ, որ երբեք չի խմում իր պատրաստած գինին: Անկեղծորեն զարմանում եմ, ես երևի չդիմանայի։

Երրորդ փուլով ուսումնասիրեցինք խաղողագործությունը և գինեգործությունը՝ որպես մշակույթ: Հայաստանը որպես 6600 տարվա գինեգործական ավանդույթներ ունեցող երկիր, որպես խաղողի հայրենիք պե’տք է ուսումնասիրի ու զարգացնի այս մշակույթը, ներկայացնի աշխարհին Հայաստանի տարածքում հայտնաբերված և վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձանների, գինու անոթների ու կարասների, խաղողի ածխացած կորիզների, բազմաթիվ սեպագիր արձանագրությունների, քանդակների և այլ վավերագրերի մասին, որոնք վկայում են վայրի խաղողի ընտելացման և խաղողի մշակմամբ զբաղվող հայի մասին: Այս ամենը եթե ունենար մեկ այլ ժողովուրդ, կնվաճեր գինու աշխարհը, այն աշխարհը, որը հոգնելով եվրոպական գինիներից, փնտրեց և գտավ էկզոտիկ երկրների` Չիլիի, Նոր Զելանդիայի, Հարավային Աֆրիկայի խաղողը, աշխարհ, ով հիմա փնտրում է նոր համ ու նոր որակ՝ կարծես թե կենտրոնանալով խաղողի ծննդավայրի վրա: Եվ այստեղ է, որ պետք է փորձենք աշխարհին ներկայանալ մեր էկզոտիկ «աբորիգեն» խաղողով և գինով, որի մասին ասել է ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը։ Դե ինչ, գնացինք նաև աբորիգեն սորտերի հետքերով, և մինչ հնագետների և ազգայնագետների հետ սեբաստացի գինեգործները պեղում էինք Դալմայի այգիները, ոգևորված գտնում խաղողի հնամյա վազեր, էտում, մշակում, հոգ տանում նրանց համար, մյուս կողմից՝ հեղինակային իրավունքով, հովիվներն անհոգ արածացնում էին իրենց կովերին: Այս պատմական սրբավայրն այսուհետ մասնատված ու սեփականաշնորհված է, որտեղ սեփականատերը տան տիրոջ իրավունքով պղծում է սրբազան ժառանգություն։ Եթե փորձես խանգարել, կարող ես ոստիկանությունում հայտնվել: Չե՞ք հավատում: Դալմայի այգիներին հասնելուց առաջ սեբաստացիները անտարբեր չեն թողել ՀԱԹ-ի անխնամ խաղողի վազերը և SOS նախագծային խմբեր կազմամած շտապ օգնություն ցուցաբերել մեռնող խաղողներին, որոնցից մեկի ժամանակ հերթը հասել է նրան, որ 195 էջանոց քրեական գործ է հարուցվել: Կարծում եք հարուցվել է խաղողին սպանողի՞ վրա. ճիշտ հակառակը: Բայց դա ուրիշ՝ Մի թառմայի պատմություն է:

Որտեղ դպրություն և մշակույթ, այնտեղ ծես՝ ավանդական, կրոնական արարողություն, որն ունի խորհրդավոր, մոգական հատկություններ: Ծիսակատարության մեջ գլխավոր դեր է խաղում հոգևորականությունը: Ծեսն ուղեկցվում է աղոթքներով, խմբերգերով, պար-երաժշտությամբ: Հայ Առաքելական Եկեղեցու Տիրամորը նվիրված խաղողօրհնեքը կամ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը ամենահինն է: Տոնի խորհրդի համաձայն, Խաղողի և գինու դպրոցը երեք տարի նշել է իր ձեռքով աճեցրած խաղողի օրհնության և ճաշակման ծեսը: Այս ծեսը ժամանակին կատարվել է Հայոց արքայի կամ քրմապետի կողմից և կապվել է պտղաբերության աստվածուհի Անահիտի և սիրո դիցուհի Աստղիկի պաշտամունքի հետ:  Ըստ ավանդազրույցի՝ ծովի ճերմակաթույր փրփուրներից էր ծնվել Աստղիկը և որտեղից քայլում էր՝ ոտքերից կաթկթացող արյունից վարդեր էին բուսնում, որոնց թերթիկները դիցուհին թափում էր Հայոց աշխարհի վրա՝ օժտելով հայ աղջիկներին աստվածային գեղեցկությամբ։ Ըստ ժամանակակից տվյալների՝ Աստղիկը հիմնադիր Աշոտ Բլեյանի մոտ երեք տարեկան կրտսեր դուստրն է, կրթահամալիրյան ծեսերի դիցուհին, մի իսկական Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն գեղեցկուհի: Աստղիկ Բլեյանի հայտնությունը հեքիաթի է նման, համարենք այն հեքիաթ հրաշապատում, թե իրապատում, ճշմարիտ կլինի, քանի որ հեքիաթն ինքը ծնվում է, երբ լինում են նվիրական երազանքներ և ձգտումներ: Աստղիկի ու Խաղողի և Գինու դպրոցի ծննդյան առեղծվածը համարենք բացահայտված և անցում կատարենք չորրորդ փուլին կամ ճյուղին՝ Երկրագործությանը:

Հայկական լեռնաշխարհում երկրագործությամբ զբաղվել են դեռևս քարե դարից։ Այն ունեցել է երկու գլխավոր փուլեր՝ բրիչային և արորագութանային։ Ստեղծվել են ոռոգման լայն համակարգեր՝ Մենուայի ջրանցք, Շամիրամի ջրատար, որտեղ գործածվել են կատարյալ երկաթե խոփեր, գործիքներ, իսկ մեր օրերում Աշոտ Երկաթ Բլեյանը ստեղծեց կրթահամալիրի ոռոգման համակարգը: Հողի բերրիության աճը, լավ բերք ստանալը երկրագործության առաջնային օրենքն է: Այդ օրենքի էությունն այն է, որ հողի որակական հատկությունները փոխվում են, ուստի չօգտագործել, չմշակել հատկացված հողը, նշանակում է վնաս հասցնել բնությանը: Սրա քաջ գիտակցումով է, որ սեբաստացին չի գծում սահմաններ, չի ցանկապատում կադաստրով իրեն հատկացված հողատարածքը և չի հասկանում հարևանի սահմանազատումը: Սեբաստացին տեր է կանգնում անտեր հողին, քարափին, աղբավայրից անգամ բերքատու այգի է ստեղծում: Սարալանջ կոչվող տարածքը դրա վառ ապացույցներից է, որը սեբաստացին վերածեց ո՛չ միայն խաղողի այգու, այլ նաև բարեկարգ ճանապարհի, խաղահրապարակի, ճեմուղու, հեծանվաուղու և մշակութային պուրակի՝ հայ ժողովրդի ազգային «Սասնա Ծռեր» էպոսի քանդակներով: «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է չորս մասերից կամ ճյուղերից՝ ինչպես Խաղողի և Գինու դպրոցը։ Էպոսում յուրաքանչյուրը կրում է իր հերոսի անունը, իսկ հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով…

Հեքիաթի ամբողջական խճանկարը տեսնելու համար կքայլենք Խաղողի և Գինու դպրոցի աճեցրած, խնամած խաղողի վազերի կողքով, կանցնենք դպրոցից-դպրոց, բակից-բակ և կբացահայտենք՝ «Ես որթատունկ եմ» Հիսուս Քրիստոսի խորհրդանշանակ հայտարարությունը։

Սասունցի Դավթի կերպարում՝ Դավիթ Բլեյանն է, վայրը՝ Սարալանջ-Սասնալանջում

Աշոտ Բլեյան և Արտակ Ռշտունի

Աստղիկ Բլեյան

Խաղողի և Գինու դպրոցի մասին ֆիլը՝ Աստղիկ Իսրայելյանի

Սպիտակ անապակ գինու շշալցում. Մառան

Շտապել չի սիրում անկեղև խաղողի խմորման արդյունքում ստացված և խաղողի կեղևի հետ չշփված այս յուրահատուկ գինին: Այս պահը այն արդյունքներից մեկն է, որն անհայտ ժամանակով ամփոփելու է քո շշալցրած գինին՝ Մառանում:

Մուտք գինու աշխարհ՝ նոր կյանքի արշալույս

Դպիր

Երեք տարի առաջ սովորողների մի խմբով «Գինեստեղծումը՝ տոն․ Մարդ-խաղող-այգի» նախագծի շրջանակում ճամփորդեցինք Աշտարակ քաղաք, այցելեցինք Աշտարակաց մառան, որը կառուցվել է 1850֊ականներին։ Այն հարուստ էր գինու պատրաստման և պահպանման բազմաթիվ սարքերով և անհրաժեշտ իրերով՝ կարասներ, մոտ 5 տ տարողությամբ գուփ, կշեռքներ, տակառներ, 1991 թվականից շշալցված տնական գինիներ և այլն։ Սովորողների հետ մասնակցեցինք մառանի ամենակարևոր, ավանդական արարողություններից մեկին՝ գինու պատրաստման համար խաղող ճմռելուն։ Աշտարակացի գինեգործ Հովսեփ Ղալաչյանը վարպետության դաս անցկացրեց՝ ներկայացնելով գինու պատրաստման հայկական մշակույթը։ Միասին խաղողը ճմռեցինք, լցրեցինք տարայի մեջ և բերեցինք կրթահամալիր՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի մառան։ Մի քանի օր անց գինեգործ Հովսեփը հյուրընկալեց մեզ և օգնեց խաղողի չանչն ազատել հյութից և խողովակով լցնել ապակե տարաների մեջ, որը եռալու էր, դառնալու էր մաճառ, իսկ մեկ ամիս անց՝ գինի:

Նույն ժամանակահատվածում կրթահամալիրը Աղավնաձոր գյուղից 2000 կգ խաղող գնեց գինի պատրաստելու նպատակով: Կրթահամալիրի բոլոր դպրոցներում՝ մեծ ու փոքր, շուկայից գնված մի քանի կգ խաղողից արարեցին իրենց գինին, բայց դե «Հյուսիսի գինին ուրիշ է»,- ասում էին գործընկերները և պահում այն հատուկ առիթների հյուրասիրության համար:

Գինու հանդեպ թաքուն սերն առաջացել է դեռ այն ժամանակ, երբ hամալսարանն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի անցա գինու արտադրությամբ զբաղվող գործարաններից մեկի գրասենյակում: Այնտեղի գինին չսիրեցի, բայց փոխարենը սովորեցի տարբերել լավը վատից: Գինեգործության ոլորտում երկրորդ քայլս արեցի կրթահամալիրում՝ Խաղողի և գինու դպրոցի և 100 կգ խաղողից ստացված գինու ծնունդով:

Մինչ Աշտարակաց մառանից բերված«Հյուսիսի գինին» գինի կդառնար, ուսումնասիրեցի խաղողի և գինու համաշխարհային շուկան, հատկապես տարածաշրջանում. Թուրքիան աշխարհում չորրորդ խաղողագործական երկիրն է, Իրանը`վեցերորդ: Սակայն, Իրանում այն ավելի բուռն է զարգանում, քան Թուրքիայում: Թուրքիան 1 կգ խաղողը համաշխարհային շուկա է արտահանում 60-70 սենթով, Իրանը` 25-30, այսինքն` Իրանը միշտ եղել է շահավետ գործընկեր, քան Թուրքիան: Գինեգործների միության նախագահ  Ավագ Հարությունյանի հավաստմամբ, եթե Թուրքիայի հետ իդեալական հարաբերություններ ունենանք, ապա ոչինչ չի փոխվի, որովհետև մենք նույնիսկ Իրանից խաղող չենք գնում: Ըստ նրա՝ Հայաստան կարելի է ներմուծել արգենտինյան գինի կամ խաղող` 1 կգ-ը 30 սենթով, ինչը նշանակում է, որ Թուրքիայի տնտեսությունը գինեգործության ու խաղողագործության առումով մրցունակ չէ աշխարհում: Բայց Հայաստանի գինու շուկայի օրենսդրությունը հիմնված է ծագման վրա` ծագման երկրի խաղողը չի կարելի խառնել այլ խաղողների հետ, իրավունք չունենք օգտագործել այլ երկրի խաղող կամ գինի: Հարևան Թուրքիան այսօր տասն անգամ ավելի շատ գինի է արտադրում և արտահանում, քան Հայաստանը: Այնտեղ կան երեք խոշոր գինեգործական կենտրոններ`արևմտյան ափը Ստամբուլից մինչև Իզմիր, Կիլիկիան և Վանի շրջանը: Հունա-ֆրանսիական ներդրումների շնորհիվ զարգացած է արևմտյան ափը: Սակայն թուրքերը մեծ ակնկալիքներ ունեն Վանի և Կիլիկիայի կենտրոններից: Ազգագրագետ Հոբոսյանը նշում է, որ չնայած խաղողի հայրենիքը Հայաստանն է, այդուհանդերձ 500 տիպի խաղողի վայրի տեսակներն այսօր գրեթե գոյություն չունեն: Պետք է փորձենք աշխարհին ներկայանալ մեր էկզոտիկ «աբորիգեն» խաղողով և դրանից ստացված գինով:

Այսօր Թուրքիայում գոյություն ունեն 1200 «աբորիգեն» տեսակներ, մեր հայկականը, որոնցից 250-ը զուտ հայկական անուններ ունի: Ուրախ եմ, որ դեռ չեն հասցրել թրքացնել հայկական այդ տեսակները: Հայերի խաղողի այգիները մնացել են նույն ձևով, ինչպես եղել են 1915 թվականին: Ասում են, որ քրդերը դրանց ձեռք չեն տվել: Պարզապես այգիները վայրիացել են: Մասնագետի հավաստմամբ՝ բավական է երեք-չորս տարի մշակես, կվերադառնա նախնական տեսքին: Սահմանի բացման դեպքում հնարավոր կլինի վերականգնել հայկական խաղողի վայրի տեսակները: Սակայն, ցավոք սրտի, այն կարտահանվի շուկա՝ որպես թուրքական բրենդ: «ԱրմենիաՆաուին» տված հարցազրույցներից մեկում դեռ տարիներ առաջ Հարությունյանն ասել է: «Դուք ունեք երկու տարբերակ`պատերազմել, գրավել այդ հողերը և ստեղծել հայկական գինի կամ թուրքերի հետ համատեղ ստեղծել կովկասյան կամ Անատոլիայի բրենդը»: Ազգագրագետ Սուրեն Հոբոսյանի համոզմամբ`Հայաստանն ամեն կերպ փորձում է մտնել եվրոպական շուկա, բայց ճանապարհին կանգնած է Թուրքիան, ու մենք պետք է անցնենք այդ ճանապարհը: Գուցե կորուստներ ունենանք, բայց չենք կարող այդ ճանապարհից հրաժարվել, հակառակ դեպքում՝ կհայտնվենք փակուղում:

Պատմությունը ցույց է տվել, որ հայկական խաղողի տեսակները նախ՝ զոհ գնացին իսլամին, ապա` ցարական Ռուսաստանին, Խորհրդային Միությանը: Այս տարի էլ Արցախ աշխարհի խաղողը կորցրեցինք իսլամա-ռուսական շահագրգիռ նկրտումների հետևանքով: Այս լեն ու բոլ աշխարհում բոլորի աչքը հայի մի բուռ, բայց աստվածային հողի վրա է, տատս կասեր՝ «Մեղր է՞ քսած»: Այո՛, մեղր է քսած՝ պարարտացված մեր ժողովրդի բազմաթիվ քաղցր կյանքերով, և իզուր չէ, որ աշխարհի լավագույն տեսակները հայկական խաղողի ժառանգներն են, իսկ հայի գենը և ճակատագիրը խաղողի նման է: Ինչպես գինու համաշխարհային շուկայում 30-40 տարին մեկ գինու ճաշակի հեղափոխություն է տեղի ունենում, այնպես էլ հայի կյանքում հեղաշրջումներ են տեղի ունենում: Որպեսզի չքաղաքականացնենք, այսքանով անցում կատարենք իմ հետագա ուսումնասիրություններին, ճամփորդություններին և այս տարվա՝ 2020 թ.-ի իմ ամենամեծ ձեռքբերմանը, ասել է թե՝ նոր կյանքի արշալույսին։

Սովորողներիս հետ «Հյուսիսի գինու» կամ ինչպես ոմանք ասում էին «Սենսեի գինու» վերջնական փուլն ավարտեցինք գինեգործ Գրիգոր Ղուկասյանի հետ, ով վարպետության դաս անցկացրեց «Հարթակ Գեղարվեստում» ակումբում, որից հետո համտեսեց մեր պատրաստած գինին և մեր հետագա քայլերի վերաբերյալ ցուցումներ տվեց։

ճամբարային օրերին այցելեցինք Քոլեջ, Խաղողի և գինու դպրոցի ղեկավար Արտակ Ռշտունու հետ ունեցանք տեղեկատվական դասընթաց: Հունվարյան ճամբարի օրերին ուղևորվեցինք Աշտարակի Ոսկեվազ գինու գործարան: Օրեր անց, տիար Բլեյանի ուղեկցությամբ, եղանք Գետառ-Ավանում՝ «Գևորգյան գինու գործարանում», որտեղ առաջին անգամ տեսա կախան. աշնանն ընտրում են խաղողի հատուկ, դիմացկուն տեսակները, հատընտիր խաղողի ողկույզները պարանների վրա նուրբ չորացման են ենթարկվում և հին հայկական «կախանի» եղանակով պատրաստում բացառիկ հյութեղ գինի: Ինձ համար ամենատպավորիչն այն էր, որ կախանի մառանում ապահովել էին ճնճղուկների մուտքը, որպեսզի նրանք ստանան իրենց բաժին խաղողը: Գեղեցիկ տեսարան էր. հունվար ամսին մի կողմից ծիտիկներն էին կտցահարում խաղողը, մյուս կողմից՝ մեր սովորողները:

Երրորդ քայլս 2020 թ.-ին Խաղողի և գինու դպրոց ընդունվելն էր, որպեսզի ձեռք բերեմ ավելի խորը և հիմնավոր գիտելիքներ այգեգործության և խաղողագործության ոլորտում: Այգեգործությունը որոշեցի ուսումնասիրել ընտանեկան բիզնեսի համար: Ընտանիքս «Աբգարյանս» հյութերի արտադրությամբ էր զբաղվում, իսկ ես մտադրված էի վարձակալել այգիներ և աճեցնել մրգեր՝ հատկապես վայրի տանձ, և իմ բերքը՝ որպես հումք, վաճառել Աբգարյաններին:

Ամռան ամիսներին ձևավորվեց «Այգեգործ-գինեգործների» ակումբը: Եթե բոլոր ուսումնական հաստատություններում դասերը սկսվում են սեպտեմբեր ամսից, իմ դասերը սկսվեցին հունիսից, և այնքան բուռն, հագեցած, տեղեկատվությամբ ու գիտելիքներով հարուստ ամառ ունեցա, որ սեպտեմբերին կարծես արդեն դպրոցն ավարտած լինեի, և մնում էր դիպլոմային աշխատանքի մասին մտածել: Իմ կյանքում սկսվել էր մի նոր, թարմ շրջան: Ուսումնասիրում էի այգեգործությունը, խաղողագործությունը՝ որպես գյուղատնտեսական արտադրության ճյուղեր, որպեսզի ձեռք բերած գիտելիքները կիրառեի թե՛ ընտանեկան բիզնեսում, թե՛ կրթահամալիրում՝ փոխանցելով դրանք սովորողներիս: Արտադրությամբ ուսուցումը խթանելը հնարավորություն էր տալիս ավելացնելու կրթահամալիրի բերքատու այգիները, խաղողի վազերը, որից ստացված բերքը Խաղողի և գինու դպրոցը օգտագործելու էր սեփական գինու արտադրության մեջ՝ որպես հումք:

Ակումբի անդաներով գործուղվեցինք Եղեգնաձորի Գետափ գյուղ՝  Wine Works Գինու գործարանի խաղողի տնկարաններ: Եղեգնաձորում մեզ դիմավորեցին  «Semina Consulting» ընկերության,  Wine Works Գինու գործարանի հիմնադիր և գործադիր տնօրեն Վահե Քեոշքերյանը, գործարանի գլխավոր գինեգործ Արման Մանուկյանը և Քրիստինա Մարգարյանը (Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենետիկայի և իմունաբանության խմբի ղեկավար, ավագ գիտաշխատող)։ Մինչև Վայոց ձոր հասնելը՝ մենք պատիվ ունեինք ճանապարհն անցնել գիտությունների թեկնածու, խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի փոխտնօրեն, երջանկահիշատակ Գագիկ Մելյանի հետ՝ հետաքրքիր, տեղեկատվությամբ հարուստ զրույցներով և պատմություններով, որոնք մնացին որպես պատմական, նվիրական հուշեր։

Այգեգործական ակումբի գործուղումը հաջորդ անգամ «Արամի տնկարան»-ն էր՝ Աշտարակի Փարպի գյուղում: Ուսումնասիրելու էինք յուրարմատ և պատվաստված այգիները, խաղողի վազի և այլ բերքատու ծառերի մշակումը, խնամքը, տնկումը, էտումը, ոռոգումը, պարարտացումը, պայքարը վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ և այլն: «Արամի տնկարան» այցը սկսվեց այգու սկզբնամասում աճած վայրի ծիրանենու մոտից, որի տակ թափված ծիրանի կորիզները ետդարձին հավաքեցինք և աշնանը տնկեցինք կրթահամալիրի տնկարանում:

 Գինեգործության արժեքների գնահատումը բացահայտելու և հայրենիքի բազմադարյան պատմություն ունեցող այգեգործության և գինեգործության գաղտնիքները յուրացնելու նպատակով Այգեգործների ակումբը հյուրընկալվեց «Արմենիա Վայն» ընկերության գինեգործարան և այգիներ՝ Արագածոտն մարզի գյուղ Սասունիկ։

Այգեգործների ակումբը տպավորիչ ուսումնական ճամփորդություն ունեցավ նաև դեպի «ՎանԱրդի» գինու արտադրություն, որտեղ գինեգործությունը մշակույթ է՝ հին և նոր ավանդույթներով, անմոռանալի ժամանցի կազմակերպմամբ, տուրիզմով և գինու արտադրամասի կողքին հիմնված համաչափ խաղողի դաշտերով:

Ճամփորդելուց բացի կրթահամալիրում հյուրընկալեցինք պատմական գիտությունների թեկնածուների, հնագետների, ինչպիսիք են՝ Սուրեն Հոբոսյանը, Բորիս Գասպարյանը և Արթուր Պետրոսյանը: Լսեցինք հետաքրքիր փաստեր, ծրագրեր՝ պատմական գիտությունների թեկնածուներից, ձեռք բերեցինք հետագա աշխատանքների պայմանավորվածություններ և թանկ ընկերներ:

Սեպտեմբերը սկսվեց նոր տեմպով: 2020-2021 թթ-ի Խաղողի և գինու դպրոցի ուսանողների՝ իմ երիտասարդ համակուրսեցիների հետ սկսեցինք Հյուսիսային դպրոցի՝ Գեղարվեստի, գեղարվեստական թառմայի կառուցման աշխատանքները: Պետք է ստեղծեինք խաղողի ճեմուղի, որի համար հիսուն սմ խորությամբ վեց հատ փոս փորեցինք, հետո կանգնեցրինք ձողերով սարքած սարփինա, որի վրա հետագայում կտարածվեր հարակից պատը մագլցած և վերևից ամրացված խաղողը: Թառման համալրվելու էր խաղողի տարբեր տեսակներով՝ ստեղծելով դպրոցին համահունչ խաղողի գեղարվեստական անցուղի, որպեսզի Սեբաստացի աշխարհ մուտքը լինի հնձանով, որպեսզի տասներկու մետրանոց թռիչքը՝ բալենիների շարքով, զարդարի Հյուսիսային դպրոց-պարտեզի մուտքը և հետագայում հատվի Արևելքից սկիզբ առնող նմանատիպ թռիչք-թառմայի հետ։

Առհասարակ, այգեգործությամբ զբաղվելու, այգի հիմնելու համար ամենակարևորը հողը սիրելն է, այն էլ՝ հայրենի հողը, հետո նոր՝ այգու տարածքի, դիրքի ճիշտ ընտրությունը որոշելը: Ասում են՝ այգին պետք է ունենա հարավային թեքություն, որ արևն իր անկյան տակ հյուսիսից հարավ պտտվելով՝ հպվի շարքերին: Այգին պետք է ճշգրիտ դիրքով տնկել, քանի որ մարդը դրա համար պատասխանատու է սերունդների առաջ, քանի որ խաղողագործությունը, գինեգործությունը սերնդեսերունդ փոխանցվող մշակույթ է, քանի որ հողը ժառանգելու և որպես ժառանգություն թողնելու ավանդույթ է: Ինչպես Աբգար թագավորն է ասել՝ կենդանիներն անգամ ունեն հայրենիքի զգացողություն, որովհետև Աստված նրանց հարազատ հողը սիրելու բնազդով է օժտել: Էլ ուր մնաց մարդը: Հայը աշխարհի բոլոր փառքերից ավելի հարազատ հողն է սիրում, միայն թե երանի նա սովորի հողը մոտիկից սիրել՝ իր ձեռքերի մեջ ու իր ոտքերի տակ:

Քաղենք խաղողը, լցնենք պահամանը

Առավոտը սկսվեց Խաղողի և Գինու դպրոցի ուսանողների՝ գեղարվեստական թառմայի կառուցման աշխատանքներով: Մի խումբ հետաքրքիր տղաներ՝ կրթահամալիրի ուսուցիչների հետ, ովքեր նաև Խաղողի և գինու դպրոցի ուսանողներ են, շարունակեցին փոսերի փորման աշխատանքները: Այսօր իրենց համակուրսեցիներ ընկեր Նարինեին և ընկեր Հայկուհուն միացել էր նաև երաժշտության դասավանդող Ջուլի Ղազարյանը, ում երգը կրկնակի եռանդ մտցրեց մեր աշխատանքային ջոկատի մեջ: Երկու ժամվա մեջ ավարտվեցինք թառմայի համար նախատեսված տասը փոսերը, որից հետո վերադարձանք Խաղողի և Գինու դպրոց: Գինու համտեսի վերաբերյալ ունեցանք տեսական դասընթաց, այնուհետև դիմավորեցինք Իտալիայից ժամանած 1 տ տարողությամբ գինու պահամանը և ոգևորված տեղադրեցինք լաբորատորիայում:

Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանիhttps://www.facebook.com/100005322852756/posts/1426397594214322/?extid=BsEwXvImNl1Fpnm3&d=n

Սեբաստացի աշխարհ՝ մուտքը հնձանով

2020-2021 թթ-ի Խաղողի և գինու դպրոցի ուսանողները շարունակում են Գեղարվեստական թառմայի կառուցման աշխատանքները։ Տասներկու մետրանոց թռիչքը՝ բալենիների շարքով, կզարդարի Հյուսիսային դպրոց-պարտեզի մուտքը և հետագայում կհատվի Արևելքից սկիզբ առնող նմանատիպ թռիչք-թառմայի հետ։

Գեղարվեստական թառմայի կառուցում

Այսօր «Խաղողի և Գինու դպրոցի» սովորողներն իրենց ղեկավար Արտակ Ռշտունու հետ խաղողի ճեմուղու ստեղծման աշխատանքներ իրականացրեցին Հյուսիսային դպրոց-պարտեզում։ Հիսուն սմ խորությամբ վեց հատ փոս փորելուց հետո կկանգնեցվի ձողերով սարքած սարփինա, որի վրա կտարածվի հարակից պատը մագլցած և վերևից ամրացված խաղողը: Թառման կհամալրվի խաղողի տարբեր սորտերով՝ ստեղծելով դպրոցին համահունչ խաղողի գեղարվեստական անցուղի։

ՎանԱրդի կամ Սասունիկի տերուարը

Այգեգործների ակումբն օրեր առաջ տպավորիչ ուսումնական ճամփորդություն ունեցավ «ՎանԱրդի» գինու արտադրություն, որտեղ գինեգործությունը մշակույթ է՝ հին և նոր ավանդույթներով, անմոռանալի ժամանցի կազմակերպմամբ, տուրիզմով և գինու արտադրամասի կողքին հիմնված համաչափ խաղողի դաշտերով: Արտադրության հիմնադիր-տնօրեն Վարուժան Մուրադյանը պատահական չի ընտրել արտադրության անվանումը: ՎանԱրդի նշանակում է Վանի արև: Վարուժան Մուրադյանն արմատներով Վանից է: Քսան տարի Նահանգներում բնակվելուց հետո, թողնելով հաշվապահի աշխատանքը, Հայաստանի արևի կանչով ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք և զբաղվել այգեգործությամբ-գինեգործությամբ՝ ստեղծելով այն դրախտը, որտեղ մեր խումբն անցկացրեց մի քանի հրաշալի ժամեր:

«ՎանԱրդին» գտնվում է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում: Վարուժան Մուրադյանը պատմում է, որ Խորհրդային Միության տարիներին այս հողերը համարվել են գյուղատնտեսության համար անպիտան, դուրս գրված հողեր, արոտավայրեր՝ իրենց քարքարոտ որակների համար:

«Բայց արի ու տես, որ խաղողը սիրում է հենց այս տիպի՝ վուլկանիկ տարբեր միացություններով հողերը, որտեղ կան կարմիր կրաքար, տուֆ, բազարտ: Այսպիսի մինի տերուարները խաղողի համար անգնահատելի են: Տերոար՝ այսինքն, մի տեղ բազալտ է, մյուս տեղում՝ տուֆ, և ամեն տարածքում աճած խաղողն ունի յուրահատուկ որակ և համ, քանի որ սնվում է տարբեր միներալներով: Տերուար բառի մեջ մտնում են տարածաշրջանի հողի որակը, հողի միկրոկլիման, արևի օրերը, և այն ներառում է խաղողագործության-գինեգործության ողջ փիլիսոփայությունը: Օրինակ, աշխարհում բոլորը գիտեն, որ Բորդոն Բորդոն է, ունի հստակ սահման, այնտեղի տերուարը ուրիշ է, խաղողն ուրիշ է, այսինքն՝ Բորդոյի տերոարն ուրիշ է: Տերուարից  մենք կարող ենք ասել, թե որտեղ է ամենալավ խաղողն աճում և ինչքան բերքատվություն պետք է տա, նաև կարող ենք առանց սխալվելու ասել, որ այս տերուարի գինին ամենալավն է՝ իմանալով, թե ինչ տեսակի խաղող պետք է դուրս գա այդ պերուառից, տարվա բերքատվության քանակը և այլն: Հայաստանում մենք չունենք այդ սահմանագիծը, կոնտրոլը, որը կասի, թե որ հատվածում ինչ հողային որակներ կան, չնայած այդ գործընթացն ուժի մեջ է: Բայց ես կասեմ, որ մենք հիմա ունենք կայացած Աշտարակի Սասունիկի տերուար»:

Այգի հիմնելու համար ամենակարևորը տեղի ճիշտ ընտրությունն է: Այն պետք է ունենա հարավային թեքություն, որ արևն իր անկյան տակ՝ հյուսիսից հարավ պտտվելով, հպվի շարքերին, որոնք պետք է տեղադրված լինեն հյուսիսից հարավ:

«Այգին պետք է ճշգրիտ դիրքով տնկել, քանի որ մարդը դրա համար պատասխանատու է սերունդների առաջ, քանի որ խաղողագործությունը, գինեգործությունը սերնդե սերունդ փոխանցվող մշակույթ է»:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեսուն սմ հողից հետո գալիս է մոտ քառասուն սմ-ոց կրաքարով շերտ, որից հետո կրկին հող է: Խաղողի արմատը չի կարող ծակել այդ կրային շերտը, ուստի հարկավոր է այն ծակել տեխնիկայի միջամտությամբ: Նախքան այգի հիմնելը, փաստորեն, պետք է անել այս ուսումնասիրությունը, քանի որ այգին հիմնելուց չորս-հինգ տարի անց կհայտնաբերվի այդ պինդ կրային շերտը: «ՎանԱրդի»-ում հսկայական մեքենաները հեկտարներով հողի կրային շերտը ճեղքում, կոտրում են, հետո չսնուցված հողը հարստացնում գոմաղբով, որից հետո՝ տնկում այգին:

Վարուժան Մուրադյանը հիմնականում աճեցնում է հայկական Արենի սորտը: Նա ասում է, որ կարծիք կա, թե «Արենին» միայն Վայոց Ձորում է աճում, բայց ինքը եկավ ապացուցելու, որ Աշտարակում Արենին շատ լավ էլ աճում է, բայց, կախված պերուառից, Աշտարակի և Վայոց Ձորի Արենիի միջև կան համային տարբերություններ: Արենիից բացի «ՎանԱրդի»-ում աճեցնում են «Կախեթ», որը հայկական էնդեմիկ սորտ է: Աճեցնում են «Հաղթանակ» տեսակի խաղող, որը խաչասերված սորտ է:

«Խաչասերումն առաջ Եվրոմիությունը չէր ընդունում, երբ սխալ ընտանիքների խաչասերում էր լինում:  Մենք ունենք Vitis Vinafera, սրանք այն խաղողի տեսակներն են, որոնք 95 %-ով հիմա գինեգործության մեջ են, այսինքն, «Կաբեռնե Սուվինյոն», «Մեռլո»…սրանք Vitis Vinatera ընտանիքից սերված խաղողի տեսակներ են, այդ թվում նաև Արենին: Կան նաև Ամերիկյան որոշ տեսակներ, որոնցից է«Սիբիրյա Ամուրյականը», որը Խորհրդային Միության տարիներին խաչասերվեց: Խաչասերվեցին ևս ուրիշ տեսակներ, որոշները նույն ընտանիքից էին, որոշները Եվրոմիության հասկացություններով՝ չթույլատրված: Հաղթանակը ճիշտ խաչասերված խաղող է և այն կայացել է որպես առանձին խաղողի տեսակ: Աշխարհն իր քանակով գրաված Կաբերնե Սուվինյոն խաղողի տեսակը նույնպես խաչասերված է, սակայն խաչասերվել է սրանից 300 տարի առաջ»:

«Այգին տնկում են հիմնականում գարնանը: Լինելով կենդանի օրգանիզմ՝ խաղողն աշնանը գիտի, որ պիտի քնի և արթնանա գարնանը: Եթե պետք է կիլճեցում կատարենք, կտրոն վերցնենք, պետք է վերցնենք ամենաքիչը 4-ից 5 աչք, ճյուղը պետք է լինի ամենաքիչը մատիտի հաստության. Հավաքում ենք 50 կամ 100 հատով և թարս թաղում խոնավ ավազի մեջ: Սրա նպատակն այն է, որ արմատները տեսնեն ջերմություն և սկսեն մազակալել, բայց միևնույն ժամանակ աչքերը մթության մեջ լինեն և չզարթնեն մինչև արմատային համակարգը մի քիչ աճի, որպեսզի 20-ից 30 օր հետո սկսի համատեղ աճել: Սա անում են գարնանը, սակայն, եթե նախորդ տարվանից արդեն ունենք կիլճեցումով արված, արդեն արմատակալած տնկիներ, ապա կարող ենք աշնանը տնկել: Բայց հիմնականում կիլճեցման համար կտրոններ վերցնում ենք գարնանը: Կտրոնները կարելի է պահել 20-ից 30 օր, երբ վրան հայտնվում են ինչ-որ շատ նուրբ սպիտակ բաներ, դա բավարար է, որպեսզի իրեն շուռ տանք: Հարկավոր է տնկել 30-ից 40 սմ խորությամբ՝ կախված հողի տեսակից, տալ մի քիչ պարարտանյութ, նախընտրելի է գոմաղբ, որը չորացած կլինի մեկ տարի: Քանի որ մեր հողերը թթվածին քիչ են քաշում իրենց մեջ, չնայած քարերը որոշ չափով օգնում են թթվածնին թափանցել, մի քիչ նախընտրելի է կարմիր շիբինը ընկույզի չափ քարերով խառնել գոմաղբի հետ և ընդհանուր թաղման, տնկման հետ լցնել հողի մեջ: Երբ ոռոգումն արվում է հատկապես կաթիլային համակարգով, հողը միշտ լինում է խոնավ և թթվածնի անցանելությունը չի կատարվում, դրա համար կարմիր շիբինն ապահովում է թթվածնի անցանելիությունը»:

Շարունակությունը՝ տեսանյութում

Հետաքրքիր փաստեր, ծրագրեր՝ պատմական գիտությունների թեկնածուներից

Էկոլուր TV-ի անդրադարձը

Կրթահամալիրի հյուրեր՝ Պատմական գիտությունների թեկնածուներ, հնագետներ Սուրեն Հոբոսյան, Բորիս Գասպարյան, Արթուր Պետրոսյան

Օրվա ասույթները

Լավագույն գինին այն է, որը դու խմում ես հաճույքով:

Բորիս Գասպարյան

Պեղումները երկխոսություններ են՝ հուշարձանի և հնագետի միջև:

 Բորիս Գասպարյան

Հուշարձանները լինում են արական և իգական: Արական հուշարձանի պեղումների ժամանակ անընդհատ դուրս են գալիս նոր նմուշներ, իսկ իգականի ժամանակ պեղում-պեղում ես, ոչինչ դուրս չի գալիս, երբ հիասթափվում ես և ուզում դադարեցնել, մեկ էլ հանկարծ մի կարևոր բան հայտնաբերում ես:

  Բորիս Գասպարյան

Երիտասարդ գինին էլ իր առավելություններն ունի: Նա նման է երիտասարդ կնոջ, ում կարելի է սովորեցնել, նրա հետ վիճել և նա կլսի քեզ, մինչևդեռ հասուն և իմաստուն կնոջը չես կարող հակառակվել, ինչպես չես կարող հակառակ խոսել կամ փնովել հին գինուն:

     Արտակ Ռշտունի

Աստծո ստեղծած աշխարհում, անգամ անապատում տգեղ տեղ չկա, կան փչացրած տեղեր: Ամեն երկիր յուրահատուկ բաներ ունի, բայց Հայաստանին այդ առումով Աստված տվել չի խնայել:

                                                                                    Բորիս Գասպարյան

 

Մեզ դեռ տուրիստ պետք չէ, մենք դեռ ինքներս պետք է ճանաչենք, թե ինչ ունենք:

Սուրեն Հոբոսյան

 

Վատը շատ արագ է տարածվում, լավին՝ խեղդում են: Սեբաստացիների այսքան լավը լինելու կենացը:

Սուրեն Հոբոսյան

 

Օրվա կարևոր պայմանավորվածությունը՝

1. Սեբաստացի այգեգործներն ու գիտնականները միասին Դալմայի այգիներից վերցնելու են մատ-արմատակալներ և տեղադրեն կրթահամալիրի խաղողի այգիներում: Հանդիպելու ենք Դալմայի այգիների այն հատվածում, որտեղ մեզ կուղեկցեն գինեգետ-հնեգետները:

2. Ուսումնասիրելու ենք հին ջրաղացները:

Պատմական բացահայտում, որը չեք գտնի ոչ մի պատմական դասագրքում: Մեկնաբանում է Բորիս Գասպարյանը:

Ընդունված էր այն հիմնավորումը, որ Արենի սորտը միայն Վայոց Ձորում է աճում, դրանից դուրս չի աճում, սակայն պեղումները ցույց են տալիս, որ շատ լավ էլ աճում է: Ամենային հավանականությամբ Վայոց Ձորն ավելի շուտ է գրավվել Վանի թագավորների կողմից և մտել Ուրարտական կայսրության կազմում: Հավանաբար Իշպուինին, Մենուան գրավել են Վայոց Ձորը, հետո անցել Արարատյան դաշտ: Այս ամենը ենթադրություններ են,  բայց իսկապես հարց է ծագում՝ արդյո՞ք արենին Արարատյան դաշտից է գնացել Վայոց Ձոր: Քարանձավից գտնված և ռադիոածխածնային մեթոդով հասակագրված հազար տարեկան ճյուղը՝ 10-րդ դարի, որի ԴՆԹ շատ լավ էր պահպանվել և Գնիշիկաձորում աճող սև արենի խաղողի սորտը մեզ թույլ են տալիս ասել, որ հազար տարի առաջ այդ սորտը աճեցրել են այստեղ:  Ավելի հին, քան հազար տարի առաջվա մասին ոչինչ չենք կարող ասել, քանի որ, նախ՝ հնագույն ճյուղերի վրա դեռ աշխատում են, երկրորդ՝ ԴՆԹ-ն այնքան էլ լավ չի պահպանվում հազար տարուց ավելի ճյուղերի վրա: Հնագետները սկզբում փորձեցին կորիզներից ԴՆԹ անալիզ վերցնել, պարզվեց, որ կորիզն այնքան էլ լավ չի պահպանում ԴՆԹ-ն, հետո փորձեցին մաշկակեղևը, սակայն դեռևս ամենալավ ԴՆԹ-ն ճյուղն է պահպանում: Չորս-վեց հազար տարվա ճյուղի ԴՆԹ-ից փռթիկներ են պահպանվում, չկա շղթա՝ հետազոտություններ անելու համար: Դեռ զարգանալու տեղ ունենք, այսօր մինչև հազար տարեկանն ենք որոշում, իսկ նախկինում մեր հնագետների պեղած շատ լավ նմուշները փչացել են, քանի որ չեն եղել բավարար տեխնիկական հնարավորություններ: Այսքանն էլ չի եղել:

Այսօր գինու հնձանը դեռևս ամբողջությամբ պեղված չէ և հույսեր կան, որ ապագայում այդ նմուշները կպեղվեն: Դրա համար անհրաժեշտ է ունենալ շատ լավ թիմ: Մի խնդիր  էլ կա. երբ հնագետը սկսում է պեղել-պեղել, նա հինգ հարյուր նմուշը հասցնում է յոթ հարյուրի, հազարի, սակայն նույնն է տարեգրությունը, չկա նոր բան, պատկերը շատ հաճախ չի փոխվում և իմաստ չունի շարունակել նույն տեղում պեղումները: Պեղումներ անելիս պետք է չշտապել, շտապել չի կարելի, իհարկե, հուշարձանները, որոնք ճանապարհային հուշարձաններ են, ստիպված ենք արագ պեղել:

Սուրեն Հոբոսյանն ու Բորիս Գասպարյանն ունեն այսպիսի նպատակ, նախագիծ, որը ներկայացրել են ՀՀ կառավարությանը:

1. Արենիում՝ Նորավանքի կիրճում, ստեղծել այնպիսի մի ծրագիր, որը կմտնի Յունեսկոյի ժառանգության մեջ:

2. Հայտարարել կիրճը՝ որպես համաշխարհային խաղողագործական-գինեգործական ծագման օջախ:

3.Դալմայի այգիները ցավոք կորցրեցինք, սակայն Գնիշիկաձորի այգիները կվերականգնվեն, կստեղծվեն, կմոդելավորվեն մեր գինու եռափուլ պատմությունները՝ բրոնզե դար, երկաթե դար՝ (Վանի թագավորության արտադրություն) և անտիկ միջնադար՝ ազգագրական: Զբոսաշրջիկներին կներկայացվի, թե ինչպես է պատրաստվել ավանդական գինին: Նպատակը բարձրորակ գինի ստեղծելը չէ, այլ վերականգնելը այն պատմական գինու համը, որը խմել են օրինակ միջնադարում:

4: Դա կլինի գիտահետազոտական, կրթական կենտրոն՝ դպրոցականների համար, ովքեր կարող են մեկօրյա ճամփորդություն իրականացնել, ծանոթանալ գինու մշակույթին, ճանաչել Գնիշիկաձորը:

Աշխարհում կան արտադրություններ, որոնք զբաղվում են ավանդական գինու արտադրությամբ, սակայն պատմական գինի դեռևս ոչ ոք չի ստեղծել: Այն պոտենցյալը, խաղողագործական լանդշաֆտները, որոնք մեզ մոտ են պահպանվել, ոչ մի երկրում չկան: Այլ երկրներում ամենահինը երեք հարյուր տարեկան խաղողն է, իսկ մեր հայրենիքում հայտնաբերվել է հազար տարեկան խաղող, դե մնացածն էլ ժամանակի, տեխնիկայի զարգացածության խնդիր է: Այստեղի լանդշաֆտները Արգիշտիի, Ռուսայի և միգուցե դրանից էլ առաջվա լանդշաֆտներ են: Չի բացառվում, որ հայտնաբերվի նաև չորսից-վեց հազար տարի առաջվա խաղող:

Վերջերս պարոն Հոբոսյանը Լոռիում՝ Հոբերում, պեղել է հարյուրավոր գինու հսկա հնձաններ, հսկայական խաղողի դարավանդներ: Պարոն Հոբոսյանը նշեց, որ Վրաստանի ամենալավ գինու արտադրությունը դրանց մոտ շատ փոքր տեղ է կազմում: Աշնակի, Դաշտադեմի, Խոջաբալուի, Կարմիր Բլուրի պեղումների ժամանակ ահռելի դարավանդներ են հայտնաբերվել՝ հսկայական պոտենցիալով, ցավոք մեր կառավարությունը՝ ոչ նախկին, ոչ ներկայիս երբեք հնագիտությանն ուշադրություն չի դարձրել, մենք չունենք այդ մշակույթը, մենք չունենք ամենատարրական լաբորատորիան, մինչդեռ ուրիշ երկրներ, մեր փոխարեն կդառնային զբոսաշրջության լուրջ երկիր: Նա ցավով նշեց մեր հազարավոր կորած, վերացած ջրաղացների, այդ տարածքները անհատների կողմից սեփականաշնորհվելու, մեր պապերի՝ իրենց  հետ այն աշխարհ տարած ջրաղացների արհեստի մասին:

Պարոն Գասպարյանը պատմեց ռուս գիտնական Վավիլովի մասին, այն զավեշտի, որ նա ստեղծել է ցորենի տեխնիկական շատ տեսակներ և կերակրել աշխարհի կեսին, բայց ստալինյան ճնշումների ժամանակ բանտում մահացել է սովից: Վավիլովը Հայաստան եկել է 1933 թ՝ աշխարհում պտտվելուց, ցորենի տեսակները հավաքելուց հետո: Այսօր նրա հավաքած ցորենի կոլլերցիան արժե մեկ միլիարդ դոլլար: Երբ Վավիլովը եկավ Հայաստան, անմիջապես նամակ գրեց ՀՀ Կառավարությանը՝ խնդրելով արգելոց սարքել, որովհետև այն, ինչ նա տեսել էր Չորբուլախում, ցնցող էր: Դա միակ տեղն է եղել աշխարհում, որտեղ հայտնաբերվել է ցորենի 4 վայրի տեսակ, որոնցից առաջացել են ընտանի մյուս տեսակները: Աշխարհում ոչ մի տեղ, բացի Հայաստանից դրանցից երեք տեսակը չեն աճում: Այդ չորրորդ տեսակը աճում է Սիրիայում, բայց այնտեղ չի աճում մնացած տեսակները, որոնք Հայաստանում են աճում:

Աշխարհի ամեն անկյունում կարելի է հանդիպել յուրահատուկ տեղերի, բայց Հայաստանում դրանք շատ ավելին են և փոխանակ մենք դա պրոպագանդենք, ի՞նչ ենք անում: Դալմայի այգիները տալիս ենք Դիսնեյ Լենդ կառուցելու համար: Այսպիսի վերաբերմունք իր արժեքների նկատմամբ ունեցել է մեր բոլոր ժամանակների կառավարությունը: Ճիշտ է, Դիսնեյ Լենդը վատ բան չէ, այդ Մուկը միլիոններ է բերում իր շահույթով, բայց ցավալի է, որ մենք մյուս ժողովուրդների նման չենք, չենք փայփայում մեր հնագիտական, պատմական արժեքները: Այստեղ մեր գիտնականներից մեկը մի անեկդոտ հիշեց, իրական դեպք: Հովիկ Աբրահամյանի վարչապետ եղած ժամանակ, երբ նա պետք է հանդիպեր գյուղացիներին, ժողովրդին նախապես զգուշացնում են՝ հանկարծ մուկ բառը չասեք, կասեք՝ Արգամիչ: Երբ Աբրահամյանը մոտենում է գյուղացիներից մեկին և հարցնում ցորենն այս տարի ի՞նչ բերքատվություն է տվել, գյուղացին պատասխանում է, որ կարկուտը խփեց, բերքի կեսը փչացավ, մնացած մասն էլ արգամիչները տարան:

Չունենալով ռեսուրսների ճիշտ կառավարում, մնում է մենք՝ ուսուցիչներս, մեր հույսը դնենք մեզ վրա, օգտվենք մերօրյա գիտնականների հետ շփվելու առավելությունից, նրանցից տեղեկություն և գիտելիք ստանալու հնարավորությունից, փորձենք փրկել մեր ունեցած հնագիտական արժեքները և դիմենք կառավարությանը՝ տրամադրել միջոցներ, որպեսզի  պահպանվեն այն գանձերը, որոնք մերն են և ուսուցչի առաքելությամբ կարողանանք փոխանցենք այս աբողջ ինֆորմացիան մեր սովորողներին, որպեսզի գոնե ապագայում ունենանք թե՛ մշակույթի, թե՛ կրթության ոլորտներում արժեհամակարգ ունեցող մասնագետներ, հայրենիքը սիրող և պահպանող սերունդներ:

Տեսանյութում գիտնականները շրջում են կրթահամալիրի մի քանի դպրոցներով

Օրվա մասին լուսաբանում է նաև Նունե Խաչիկօղլյանը

Կապույտ գինին՝ նոր էջ խմիչքի պատմության մեջ

Իսպանիայից երիտասարդ քիմիկոսները որոշել են, որ ավանդական կարմիր, սպիտակ և վարդագույն գինիները բոլորին հոգնեցրել են։ Հատուկ տախնոլոգիաներով նրանք վեց հոգով ստացել են կապույտ գինի։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Իսպանիայում ստեղծել են կապույտ գինի, հաղորդում է Metro հրատարակությունը` հղում անելով ստարտափի ներկայացուցիչ Վիլեկե Վան Դե Նոորտին։ «Կապույտ գինու» ստեղծումը զբաղեցրել է երկու տարի և սերտ համագործակցություն պահանջել Բասկերի երկրի համալսարանի ու AZTI հետազոտական կենտրոնի հետ, չնայած, նրանք ոչ մի կապույտ խաղող չեն հայտնագործել։

«Մենք վերցնում ենք Իսպանիայի մի շարք մարզերում աճեցված սովորական սպիտակ և կարմիր խաղողը, ավելացնում ենք անտոցիաններ (պիգմենտային նյութեր, որոնք առկա են խաղողի կեղևում) և ինդիգո սննդային ներկանյութը։ Ստացվում է ավելի քաղցր խմիչք, քան սովորական գինին, թեև՝ առանց շաքարի։ Ինչու՞ հենց կապույտ՝ այն ասոցացվում է շարժման, փոփոխության և հավերժության հետ»,- ասում է Դե Նոորտը։

«Մենք ուզում ենք, որպեսզի մարդիկ մոռանանք այն ամենի մասին, ինչ նրանց խորհուրդ են տալիս սոմելյեները, մոռանան բոլոր կարծրատիպերը, կանոնները, և ամեն ինչ սկսեն նոր էջից։ Մեր ընտանիքում գինեգործներ չկան։ Մենք ավանդական ընկալմամբ գործարար չենք։ Ավելի շատ` դիզայներների, նկարիչների, երաժիշտների խումբ ենք։ Նույնիսկ մշտական գրասենյակ չունենք։ Մեր արածի նկատմամբ արձագանքը տարբեր է։ Գինեգործական ընկերությունները մեր հայտնագործությունը սրբապղծություն են անվանել»,- ասել է նախագծի ներկայացուցիչը։

Աղբյուրը՝

Գինու և խաղողի դպրոց․ Հյուսիսի գինեգործներ

Գինեգործ Գրիգոր Ղուկասյանը վարպետության դաս անցկացրեց «Հարթակ Գեղարվեստում» ակումբում մի խումբ գինեգործ սովորողների հետ, համտեսեց մեր պատրաստած գինին, տվեց խորհուրդներ, ցուցումներ՝ հետագա քայլերի վերաբերյալ։