Հրազդանի կիրճում

Մայիսյան հավաքի երկրորդ օրն է։ Հյուսիսային դպրոցի հինգերորդ դասարանցիները հայրենագիտության դասն անցկացրին Հրազդանի կիրճում՝ քայլարշավով։ Սկսվեց հորդառատ անձրև։ Մինչ այն կդադարեր, նստեցինք մեքենան և բանավոր կրկնեցինք գետերի մասին մեր թարգմանած “Information and Facts about Rivers” տեքստի բառապաշարը։ Անձրևը չխանգարեց, որպեսզի Հայկազ Մարգարյանի հետ խաղանք արդեն սիրված ավանդական «Կտափայտ» կամ «Չլիկ դաստա» խաղը, սակայն, մաքրել գետի ափամերձ մի հատվածն ու այնտեղ նկարչական պլեներ իրականացնել, այս անգամ չհաջողվեց։

11.05.2017 թ․

Արցախում

Հոկտեմբերի 22-ին Գանձասարի ճամբարականներս հաջողություն ունեցանք այցելել Մարտակերտի շրջանում գտնվող Խոջալուի Բաբաջանյանի անվան տանկային գումարտակ: Մեզ դիմավորեց գումարտակի հրամանատարի տեղակալ՝ փոխգնդապետ Լեռնիկ Ասայանը: Նրա ուղեկցությամբ շրջեցինք զորամասում, տեղեկացանք այն մասին, որ գումարտակն ունի հարուստ մարտական տեխնիկա, իսկ վերջերս կազմակերպված փորձնական տագնապի ժամանակ՝ գերազանց արդյունքներ գրանցելով,  նախարարի կողմից արժանացել է լավագույն գնահատականի:

Ճաշի ժամին ճաշեցինք զինվորների հետ միասին: Նախքան ճաշելը բաժանվեցինք մի քանի շարքերի, ծանոթացանք բանակում սննդի ընդունման կուլտուրային. յուրաքանչյուր սեղանի շուրջ նստում են տաս հոգի, ամեն երրորդը լցնում է բոլորի ափսեների ճաշը և հյութը: Ճաշին մատուցվեց երեք տեսակի տաք սնունդ, աղցան, հյութ: Շատ կարևոր և ուրախալի փաստ է, որ այսօր բանակում հայ զինվորի սնունդը այսքան հագեցած է, սննդարար և համեղ:

Այնուհետև ծանոթացանք տանկերին, իմացանք նրանց վրա տեղադրված աստղերի նշանակությունը: Տանկային գումարտակից հետո եղանք  Պաշտպանության բանակում, հանդիպեցինք ԼՂՀ պաշտպանության նախարար՝ Մովսես Հակոբյանի հետ, լսեցինք նախարարի ասուլիսը, ակումբների ղեկավարները նախարարի կողմից ստացան նվերներ: