Օտար լեզու և հասարակագիտություն առարկաների ինտեգրումը՝ ուսումնական նախագծերի միջոցով

‹‹Օտար լեզու և հասարակագիտություն առարկաների ինտեգրումը ուսումնական նախագծերի միջոցով›› թեմայով օգոստոսի 23-ին տիար Յուրայի ղեկավարմամբ տեղի ունեցավ երկրորդ սեմինար-պարապմունքը: Եղան ելույթներ օտար լեզուներ և հասարակագիտական ուսումնական առարկաներ դասավանդողների համատեղ նախագծերի համագործակցության, դրանց իրականացման ձևի և բովանդակության մասին: Նրանք ներկայացրեցին սեպտեմբերից դեկտեմբեր արդեն հրապարակած հասարակագիտական ուղղվածությամբ իրենց նախագծերը։ Ոմանք, ծանոթանալով իրենց գործընկերների նախագծերին՝ «Մեր թաղը», «Հին Երևանը» և այլն, պայմանավորվեցին կատարել այդ նախագծերի շրջանակում ստեղծված նյութերի թարգմանություններ՝ այս կամ այն օտար լեզվով։

Այն դասավանդողները, ովքեր շաբաթներ առաջ արդեն հրապարակել էին իրենց նախագծերը, փորձեցին որոշակի բովանդակային փոփոխություններ անել՝ դրանց տալով հասարակագիտական ուղղվածություն։

Ներկայացվեցին մի շարք հաջողված նախագծեր՝ իրականացված անցած ուսումնական տարվա կամ ճամբարի ընթացքում, որոնք նախատեսվում են իրականացնել նաև այս տարի՝ ներգավելով նոր սովորողներ։

Որոշվեց, որ օտար լեզու դասավանդողները իրենց նախագծերում կներառեն հասարակագիտության տարբեր բնագավառներ, ինչպիսիք են պատմությունը, մշակութաբանությունը, սոցիոլոգիան, ազգագրությունը, իրավագիտությունը, բնապահպանությունը և այլն:

Աշոտ Տիգրանյանը նախագծերի բովանդակության վերաբերյալ տվեց մի քանի օգտակար խորհուրդներ. նախագծերում անպայման ներառել իրավիճակի նկարագրություն և խնդիրներ, որոնք պետք է հաղթահարել նպատակին հասնելու համար։

 

Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի հավաք-քննարկում

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի հերթական հավաքն էր՝ տիար Յուրայի ղեկավարությամբ։ Հավաքն այս անգամ ևս անգլերեն լեզվով էր, որն անհրաժեշտության դեպքում թարգմանվում էր հայերեն։

Հավաքին քննարկվող հարցերն էին․

  1. Դասավանդողների ներգրավվածությունը ռուսերենի և անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների կազմակերպման մեջ՝ առաջադրանքների կազմում և ստուգում։
  2. mskh-ի օտար լեզուների համապատասխան էջերի սպասարկում, նյութերի հրապարակում։ Դիտեցինք կրթահամալիրի օտարալեզու կայքերում հրապարակված նյութերը։
  3. Դասավանդողների ավելի ակտիվ մասնակցություն «Քառալեզու Դպիր» նախագծի իրականացման գործում։ Քննարկեցինք, թե «Դպիր» էլեկտրոնային ամսագրի որ նյութերն են թարգմանելու համար առավել հարմար։ Դրանցից են հեղինակային մանկավարժական հոդվածները, որոնց թարգմանությունը կնպաստի կրթահամալիրի մասին տեղեկության տարածմանը և համագործակցային ուսուցմանը։
  4. Դեկտեմբեր ամսվա համար այլոց փորձի ուսումնասիրման թեմաների առաջարկություններ: Եղան առաջարկներ՝ կրթական միջավայրի, կրթական պարտեզների, դպրոցի բակում այգիների խնամքի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ։

Փորձի փոխանակում, ինտեգրված դաս Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում և էկոլոգիական նախագծի իրականացում Զանգվի կիրճում

Ապրիլի 21-ին՝ առավոտյան ժամը 10:00, Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանցիները Քանաքեռավանում գտնվող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում իրականացրեցին ինտեգրված դաս և փորձի փոխանակում Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոցի 6-րդ դասարանցիների հետ։

Առարկաներ՝

Հայոց լեզու և գրականություն՝ «Աբովյանի անվան N 84» դպրոցի դասավանդող Անահիտ Ղազարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ՝

Հայրենագիտություն՝ Կարինե Պետրոսյան

Բնագիտություն՝ Անահիտ Եղյան

Մայրենի լեզու՝ Քրիստինե Շահբազյան

Անգլերեն լեզու՝ Հայկուհի Հովհաննիսյան

Դասի թեման՝

  • Խաչատուր Աբովյան
  • Աբովյանի առակները
  • Աբովյանի Զանգին՝ Հրազդան գետը՝ որպես Աբովյանի նազենի բնակավայր
  • Զանգվի  էկոլոգիական խնդիրները

Թանգարանի պարիսպներից ներս մտնելուն պես ընկեր Կարինեն անցկացրեց հայրենագիտության դաս։ Մուտքը գեղեցիկ էր, խոստումնալից։

Մեզ դիմավորեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Լուսինե Մելքոնյանը՝ մեր տաղանդավոր շրջանավարտ Հայկ Գրիգորյանի մայրիկը, ում աջակցությամբ թանգարանում կազմակերպվեց մեր համատեղ դաս-պարապմունքը։ Շուտով մեզ միացավ Աբովյանի անվան թիվ 84 դպրոցը։ Թանգարանի կրտսեր գիտաշխատող Աննա Մարալյանը թանգարանին կից գեղատեսիլ պուրակում  իր շուրջը հավաքեց դպրոցականներին և, որպես մուտք, բարի գալուստ մաղթելով դպրոցներին, սկսեց պատմել Խաչատուր Աբովյանի մասին։

Աբովյանի մասին հայերեն-անգլերեն պատմեցին նաև Հյուսիսային դպրոցի սովորողները։

Հատված՝ ուղիղ եթեր

Լուսինե Մելքոնյանը նշեց, որ աշակերտների շուրթերից անգլերենով Աբովյան չէր հնչել թանգարանում։ Չգիտեմ՝ տխրե՞մ, թե՞ ուրախանամ այս փաստից։ Միգուցե Աբովյանի թանգարանի մասին օտար լեզուներով ուսումնական նյութերի, տեսաֆիլմերի ստեղծման, համացանցում դրանց տարածման, օտար լեզուներով միջոցառումների կազմակերպման, սովորողներին ներգրավման դեպքում թանգարանում ավելանա՞ն օտարերկրացիների այցելությունները։

Աբովյանի անվան թիվ 84 դպրոցը ներկայացավ Աբովյանի առակների բեմադրությամբ։ Սովորողներից մեկը մարմնավորում էր Խաչատուր Աբովյանին։ Տպավորիչ էր նրա կերպարը։ Նա Աբովյանի կերպարով արդեն հայտնի էր «Թանգարանային գիշեր» միջոցառումից։ Բաժանվելիս փոքրիկ Աբովյանն ասաց, որ տպավորված է մեր սովորողների անգլերենից և անպայման ինքն էլ կսովորի անգլերեն ներկայացնել Աբովյան։ Հաճելի էր դա լսել, շնորհակալ եմ։

Հյուսիսային դպրոցի սովորողները կարդացին և մեկնաբանեցին Աբովյանի առակներից մի քանիսը։ Հետո խոտերի մեջ հարմարավետ տեղավորվելով՝ ներկայացրին ռիթմիկ արտասանություն՝ Աբովյանի «Զանգի» հավելվածից։ Աբովյանի թիվ 84 դպրոցի սաները շուրջպար էին պատրաստել, որին միացան նաև սեբաստացիները։ Մեր համատեղ պարապմունքն ամփոփեցինք շուրջպարով։ Սիրալիր բաժանվեցինք Անահիտ Ղազարյանից և նրա սաներից՝  ակնկալելով կրկին հանդիպում, նոր նախագծերի համատեղ մշակում և իրականացում:

 

Էքսկուրսավար Աննա Մարալյանի ուղեկցությամբ շրջեցինք թանգարանում, մեկ անգամ ևս ավելի մանրամասն ծանոթացանք Աբովյանի ծննդավայրին, նախնիներին, կրթությանը, ամուսնությանն ու ժառանգներին, գրական ժառանգությանը, Թիֆլիսում և Երևանում նրա մանկավարժական գործունեությանը։ Տեսանք տոհմատունը, որը 200 տարի առաջ կառուցել էր Խաչատուր Աբովյանի պապը՝ Պարոն Աբովը, ով բավականին հարուստ մարդ է եղել, որի համար նրան Պարոն Աբով են ասել։  Կռանալով ներս մտանք ցածր շքամուտքից և շրջեցինք չորս հարկաբաժիններով՝ թոնրատուն, մառան, հյուրասենյակ և պատշգամբ։ Ամենատպավորիչն Աբովյանի օրորոցն էր և պատից կախված ճրագը, որն աղոտ լուսավորում էր հողածածկ հատակով, բարձր առաստաղով փոքր-ինչ վախ ներշնչող սենյակը, որը մանուկ Աբովյանի հուշերում նույնպես սարսափ է դրոշմել։ (Տեսնես այն ժամանակվա աղքատների տունն ինչպիսի՞ն է եղել, եթե Աբովյանի տունը հարուստի տուն է, կամ միգուցե նրանց հարստությունը կենցաղային իրերով, կահ-կարասիով է պայմանավորված եղել։ Կամ միգուցե այս փոքրիկ սենյակի մեծ-մեծ սնդուկների մեջ թանկարժեք իրեր են եղել, հետաքրքիր է)։

 

Թանգարանի առաջին հարկում տեսանք Գեղարվեստի ավագ դպրոցի նկարիչ-սովորողների պատրաստած Աբովյանի տոհմածառը, քարերին արված աբովյանական պատկերները և դիմանկարը։

 

Շրջեցինք ցուցասրահով, տեսանք Աբովյանի գրասեղանը, որը թանգարան է բերվել Դորպատի համալսարանից, մանրադիտակով դիտեցինք բրնձի հատիկի վրա պատկերված Խաչատուր Աբովյանի ու Արարատի սքանչելի պատկերը։

 

Էքսկուրսավարի հետաքրքիր պատմությունները կենդանություն էին հաղորդում պատերից կախված նկարներին։ Ապակու հետևում խնամքով դասավորված Աբովյանի գեղեցիկ ձեռագրերը կանչում էին, ուզում էին, որ իրենց ձեռքդ առնես, ընթերցես, զգաս իրենց ժամանակի շունչը, գնահատես դրանք, որոնք Աբովյանի կենդանության օրոք ըստ արժանվույն չեն գնահատվել հետամնաց ու չարակամ «հեղինակությունների» կողմից։

 

Թանգարանը կենդանի էր, տեսնելու ու լսելու մի հսկայական պաշար կար ամփոփված, թևածում էր Խաչատուր Աբովյանի շունչը՝ Արարատի վեհությամբ, զգացվում նրա ներկայությունը, բայց այս ամենի մեջ առավել ցայտուն զգացվում էր այցելուների բացակայությունը։ Մի՞թե կարելի է Աբովյանին այսքան մենակ թողնել։ Նրա տունը պետք է միշտ մարդաշատ լինի, լի տարատարիք սովորողներով, այցելուներով, զբոսաշրջիկներով։

Ավելի երկար կուզենայինք մնալ, սակայն դեռ Զանգվի ձոր պետք է իջնեինք, իսկ ի՞նչ աբովյանական նախագիծ առանց Զանգվի ու Անահիտ Եղյանի էկոլոգիական նախագծի։

Կարինե Պետրոսյանը հուշամատյանում բոլորիս անունից արձանագրություն թողեց, իսկ Քրիստինե Շահբազյանն իր լրագրողներով «Հյուսիսափայլ» ռադիոյի համար հարցազրույց վերցրեց։

Ավտոբուսը շարժվեց դեպի Քարաշամբ, Կորեայի կամ Շամպայնի ձոր։

Ավտոբուսը կանգնեց ձորից բավականին հեռու։

 

Մենք, այծիկների պես թռչկոտելով, սկսեցինք իջնել ձորն ի վար։ Լսվեց Զանգվի անուշ քչքչոցը։ Գետում սովորողները սկսեցին քարից քար ցատկոտել, դիտավորյալ չրմփալ ջրի մեջ՝ ականջ չդնելով մեզ, որ խնդրում էինք՝ հանկարծ չթրջվել։

Հավաքվեցինք ու բնագիտության ամենահավես դասն արեցինք։

Հետո հագանք ձեռնոցները, վերցրեցինք աղբի տոպրակները և որքան աչքներս աղբ տեսավ, մինչև մեկնելը հավաքեցինք։

 

Աղբի տոպրակները մեզ հետ տարանք ավտոբուս, որն արդեն իջել էր ձոր։ Մեր նախատեսած ժամին հասանք Գեղարվեստ, ճաշեցինք և բարձր տրամադրությամբ մասնակցեցինք մեդիաուրբաթին։

Ճամփորդությունից բոլորս գոհ մնացինք, հատկապես, երբ ավտոբուսը ընդարձակ էր ու հարմարավետ մեր քսան հոգանոց խմբի համար։

Տեսադասը՝ շուտով։

Ծնողական հավաք-սեմինար Գեղարվեստի «Հարթակում»

Շաբաթ օրը Հյուսիսային դպրոց-պարտեզն իր Հարթակի հյուրընկալ դռները բացեց այս անգամ արդեն  ծնողների առջև: Բոլորովին նոր մոտեցում՝ ավանդական  ծնողական ժողովների փոխարեն, որտեղ վստահաբար նոր՝ ոգեշնչող մտքեր և ծրագրեր ծնվեցին: Այստեղ վայելեցինք մեր հանգիստը՝ սուրճի սեղանի շուրջ, համտեսեցինք Տարոնի մայրիկի՝ Նուշիկի պատրաստած համեղ թխվածքաբլիթը և մտերմիկ մթնոլորտում զրուցեցինք մեզ հետաքրքրող հարցերի շուրջ: Խոսեցինք բլոգավարությունից և քննարկեցինք սովորողների հետ կապված մի շարք հուզող հարցեր: Այնուհետև Հասմիկ Մաթևոսյանը պարի սեմինար անցկացրեց՝ պարեցինք խնամիների պարը՝ Շավալի, խոշ բիլազիկ և Խամխամա պարերը: Պարեցինք միասնական, ձեռք-ձեռքի, ուս-ուսի՝ բարեկամացանք-խնամիացանք ու մոռացանք, թե ինչի համար էինք հավաքվել: Մոռացանք հուզող հարցերը, որոնք անսպառ են ծնող-ուսուցիչ հանդիպումների ժամանակ: Փոխարենը ծնվեցին առաջարկներ՝ եկեք այս պարերը պարենք Ղափամայի ծեսի, ինչու չէ նաև Մեդիաուրբաթի ժամանակ, բոլորս հագնենք ջինսեր և սպիտակ վերնաշապիկներ, կապենք գունավոր վզկապներ, ես դդմով քաղցրավենիք կպատրաստեմ, իսկ ես՝ դդմով չիր…

Ծնողական սեմինար-հավաքը կայացավ կանխատեսելի լավ, ավարտվեց՝ հաջորդ սեմինար-հավաքի մեծ ակնկալիքով: Առաջարկներ եղան սպորտային, խաղային, երգ-երաժշտության, նկարչության, կավեգործության, դահուկ-չմուշկ և այլ սեմինար-հանդիպումներ կազմակերպելու մասին: Նպատակը ծնողական համայնքի ամբողջովին ներառական լինելն է և պարզ, համերաշխ ու միասնական հարաբերություններ կերտելը:

Լուսանկարները՝ (Մարիի դստեր) Անժելինա Սիմոնյանի

16559269_1877342575814374_541658549_n

 

 

 

Իմ առաջին հաշվետվությունը

Հաշվետվություն

Էդգար Աբգարյան

2 տարեկան, 5 ամսական

Եթե դպրոցն երեք շաբաթ վայելեց ճամբարն ու դեռ էլի է ուզում, իմ  և նախակրթարանի  ընկերներիս համար ամեն օրն էլ ճամբար է: Վաղը բոլորը դասի են գնալու, իսկ մենք՝ ճամբար-պարտեզ: Այո, ճամբար, քանի որ ի՞նչ չենք արել, որ արել են ճամբարականները: Մարմնամարզական ստուգատեսի մասնակցել ենք, սահնակներով ստուգատեսի՝ նույնպես:Նույնիսկ  Բնագիտական փորձեր ենք արել, ուրախ օրեր անցկացրել սահնակների վրա , Ամանորյա երաժշտական բացիկներ պատրաստել, մասնակցել Ձմեռ Պապիկ մրցույթի, անգամ դարձել Ձմեռ Պապ ու մուտք գործել Դիջիթեք:

Մեր ճամբար-պարտեզում մենք ամեն օր մի նոր բան ենք սովորում, մի նոր բան պատրաստում: Վերջերս էլ մայրիկին հաճախ եմ տեսնում այստեղ: Մեզ հետ գլուխկոնծի է տալիս ու մարմնամարզություն անում: Ես հասկացա, որ մայրիկն ու Հրաչոն տուն չեն գնում, այլ ինձ հետ մնում են պարտեզում: Չնայած իմ մոտ ամեն ինչ խառնվել է իրար: Արդեն չգիտեմ, պարտե՞զն է իմ տունը, թե՞ տատիենց տունը: Բա էս սպիտակ ձյու՜նն ինչ հրաշք է: Նրան Ձմեռ Պապն է բերել: Ես շատ սիրեցի Ձմեռ Պապին: Նա ինձ մինչև այսօր նվերներ է բերում: Հենց գարշոկ եմ նստում, մայրիկն ասում է՝ ապրե՛ս, վերցրու էս կոնֆետը, Ձմեռ Պապին տվեց: Հենց ճաշիկս չեմ ուզում ուտել, ասում է՝ կե՛ր , հենց ուտես, Ձմեռ Պապին պլաստիլին է բերելու:

Ձմեռ Պապու նվերներից ամենաշատն ինձ ձյունը դուր եկավ: Լավ է, որ ես պարտեզ եմ գալիս, այստեղ ընկեր Ռուզանն ու ընկեր Սոնան ինձ բակ են տանում, սահնակով քշում, թե չէ ո՞վ էր ինձ բակ տանելու: Էլ չասեմ, որ սահնակ կյանքիս մեջ չէի տեսել, դրանից նույնիսկ Հրաչոն չունի: Իսկ պարտեզում մենք սահում ենք՝ ինչքան ուզենք,խաղում ձյան հետ, իսկ մեծ պատուհաններից այն կողմ վայելում գեղեցիկ ձմեռային տեսարան:

Հենց մայրիկին խանգարում եմ, նա մտնում է նախակրթարանի ենթակայք ու բացում մեր ֆիլմերը: Ես կլանված նայում եմ մեզ ու վերապրում այն երանելի պահերը, որ ունեցել եմ մեր պարտեզում: Ես այսնքան եմ ուզում, որ այսպիսի հեքիաթ մանկությունը այցելի բոլոր երեխաներին:

16145432_691574357686987_902986973_o-210x210

16395887_1197891553581249_308673071_n

 

16395944_1197892003581204_1847436629_n

Օգոստոսի 30-ը՝ կարևոր օր

14151845_777231675751060_1525693103_o

Ինչպե՞ս և ինչի՞ս սկսեմ պատմել այս կարևոր ու հիշարժան օրվա մասին՝ չգիտեմ: Կարծես, ինչպես ասում են, հետ եմ սովորել մի բանում, ինչն ինձ համար դեռ դպրոցական տարիներից տարերք է եղել՝ գրելուց, գրավոր պատմելուց, միգուցե նաև ստեղծագործելու՞ց: Դե ուրեմն, սկսեմ համակարգչիս ստեղնաշարին հպվել, միգուցե բառերն իրենք ինձ հիշեն ու վերադառնան…

Այսօր օգոստոսի 30 էր: Էր, որովհետև մի քանի րոպեից կթերթենք օրն ու ժամացույցը կսահի հաջորդ օրվա հրամանով: Այսօր Էդգարս դարձավ 2 տարեկան ու այսօր լրացավ 12 տարին, որ իմ սիրելի հայրը՝ ամենաթանկ ու հեղինակային մարդն ինձ համար, մեզ հետ չէ: Զավակի ծնունդ ու ծնողի կորուստ՝ ամփոփված մեկ օրվա պատյանում: Զգացմունքների խիստ հակադիր բևեռներ, որոնք ինձ համար վերջին երկու տարիներին պրոֆիլակտիկ էլեկտրաշոկ են հիշեցնում: Բայց այս մասին չէ, որ ուզում եմ խոսել:

Օգոստոսի 30-ը տոն էր մեր ընտանիքում: Հերիք չէր այն, որ Էլենը, Հրաչյան ու Հայկուհի մայրիկը՝ (տիարից եմ սովորել, երբ մնում-մնում, ասում է Արմինե մայրիկը…) պատրաստվում էին ուսումնական տարվա առաջին օրը տոնական տրամադրությամբ դպրոց գնալ, դեռ մի հոգի սեբաստացի էլ  այս մեծ ընտանիքում ավելացավ: Իր պայուսակով՝ լողի պարագաներով, նոր հագուստներով ու անսահման բարձր տրամադրությամբ Էդգարս, ով առավոտյան ժամը 7-ից տատիկ-պապիկի, քույրիկ-եղբոր, մայրիկ-հայրիկի ու հոպարի  շնորհավորանքների տարափի տակ ժպիտը դեմքին թռվռում էր, հանդիսավոր նստեց մեքենան ու բլբլաց՝ ասելով՝ ես էլ, ես էլ:

Էդգարն առաջին անգամ չէր պարտեզում: Նա ճամբարային երկու շաբաթների ընթացում արդեն ճանաչել էր պարտեզը, միջավայրը, սակայն այն ժամանակ նա դեռ փոքր էր, հերիք չէր կուրծք էր ուտում, դեռ փամփերսն էլ անպակաս էր: Իսկ այսօր տղամարդավարի, լրացած երկու տարին, ինքնուրույն, իր ձեռքով ճաշիկներն ուտող ու առանց տակդիրի Էդգարը հաստատուն քայլերով մուտք գործեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիր: Սակայն, դե եթե անկեղծ, ուրեմն՝ մինչև վերջ: Բաժանվելիս մի քիչ տզտզաց, պարտեզում տակն արեց ու ոչ ոքի թույլ չտվեց փոխեն շորերը, բացի մայրիկից, իր ձեռքով չկերավ… Բայց սրանք բողոքներ չեն, այլ արձանագրված անելիքներ, որ պետք է ընկեր Սոնայի ու ընկեր Սյուզիի հետ հաղթահարենք: Կարևորը, որ Էդգարը սիրեց իր դաստիարակներին ու ընկերներին: Իսկ ամենից շատ սիրեց լողավազանը: Երեխայիս հրճվանքն ամեն ինչ արժեր: Ոնց էր փրկօղակները հերթով վերցնում ու նետում ջուրը: Հետո ընկեր Քրիստին ստիպում՝ դրանք հանել ու իրեն տալ, իսկ ընկեր Քրիստը համբերատար, ուրախ, խաղալով բազմաթիվ անգամներ այնպես էր հանում դրանք ջրից ու տալիս Էդգարին, կարծես առաջին անգամ էր: Էդգարին ճչալով հանեցինք ջրից, քանի որ ճար չունեինք, արդեն վաղուց ջրի մեջ էր ու դուրս գալ չէր ուզում: Հանեցինք՝ խոստանալով, որ ամեն օր լողալու է:

14203595_777231922417702_1922285098_o

Օրվա անակնկալը Էդգարի տորթն էր, որը կեսօրին հայրիկը տուն բերեց: Տորթի վրա  պատկերված էր Մխիթար Սեբաստացին, իսկ վրան ոսկեգույն տառերով գրված էր՝ Էդգար Սեբաստացի:

Չեմ կարող գոնե մի քանի խոսքով չանդրադառնալ կրտսեր դպրոցական սեբաստացիներին: Ինչ սրտաբաց ու ջերմ հանդիպում երեխաների, ծնողների ու  դասավանդողների միջև, ինչպիսի միասնական երգ ու պար… ոնց էի կարոտել կրտսեր դպրոցը, այս միջավայրը, մանկական ուրախ երգերն ու պարերը: Էդգարիս հետ ես վերածնվեցի, ավելի ճիշտ արթնացա  որպես սեբաստացի ու որպես կրտսեր դպրոցի դասավանդող: Ու հիմա այնքան եռանդ ու ցանկություն կա այս հրաշքներին շուրջս հավաքելու, դասավանդելու, սովորեցնելու ու ուղղորդելու, որ սիրտս ուղակի անհամբերությունից պայթում է:

14203088_777232299084331_1473197481_o