Խաղողագործության սահմանները

Ըստ Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի` Թուրքիան աշխարհում չորրորդ խաղողագործական երկիրն է, Իրանը`վեցերորդ: Սակայն, Իրանում այն ավելի բուռն է զարգանում, քան Թուրքիայում:

«Այսօր 1 կգ խաղողը Թուրքիան համաշխարհային շուկա է արտահանում 60-70 սենթով, Իրանը` 25-30, այսինքն` Իրանը միշտ եղել է շահավետ գործընկեր, քան Թուրքիան: Եթե Թուրքիայի հետ իդեալական հարաբերություններ ունենանք, ապա ոչինչ չի փոխվի, որովհետև մենք նույնիսկ Իրանից խաղող չենք գնում»,- ասում է Գինեգործների միության նախագահը:

Ըստ նրա`Հայաստան կարելի է ներմուծել արգենտինյան գինի, կամ խաղող` 1 կգ-ը 30 սենթով, ինչը նշանակում է, որ Թուրքիայի տնտեսությունը գինեգործության ու խաղողագործության առումով մրցունակ չէ աշխարհում:

Մյուս գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանի օրենսդրությունը խաղողի և գինու մասով մեծ «դիմադրողականություն» ունի: Գինու շուկայի օրենսդրությունը հիմնված է ծագման վրա` ծագման երկրի խաղողը չի կարելի խառնել այլ խաղողների հետ:

«Ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության` ինչ օրենքներ կիրառվում են ներքին դաշտում, նույն օրենքները պետք է լինեն ներմուծման դաշտում: Սակայն խաղողի և գինու մասով բացառություններ կան: Այսինքն` եթե հայկական գինի է, նշանակում է`իրավունք չունես օգտագործել այլ երկրի խաղող կամ գինի:

Հարևան Թուրքիան այսօր տասն անգամ ավելի շատ գինի է արտադրում և արտահանում, քան Հայաստանը: Այստեղ կան երեք խոշոր գինեգործական կենտրոններ`արևմտյան ափը Ստամբուլից մինչև Իզմիր, Կիլիկիան և Վանի շրջանը: Հունա-ֆրանսիական ներդրումների շնորհիվ զարգացած է արևմտյան ափը: Սակայն թուրքերը մեծ ակնկալիքներ ունեն Վանի և Կիլիկիայի կենտրոններից:
Ազգագրագետ Հոբոսյանը նշում է, որ չնայած խաղողի հայրենիքը Հայաստանն է, այդուհանդերձ 500 տեսակի խաղողի վայրի սորտերն այսօր գրեթե գոյություն չունեն:

Պետք է փորձենք աշխարհին ներկայանալ մեր էկզոտիկ «աբորիգեն» խաղողով և դրանից ստացված գինով»,- ասում է նա:
Այսօր Թուրքիայում գոյություն ունեն 1200 «աբորիգեն» տեսակներ, որոնցից 250-ը զուտ հայկական անուններ ունեն: Հարությունյանն ասում է, որ նրանք դեռ չեն հասցրել թրքացնել հայկական սորտերը:

«Հայերի խաղողի այգիները մնացել են նույն ձևով, ինչպես եղել են 1915 թվականին: Քրդերը դրանց ձեռք չեն տվել: Պարզապես այգիները վայրիացել են: Իսկ խաղողի վայրիացումը ուղղակի հակադարձ պրոցես է, բավական է` երեք-չորս տարի մշակես, կվերադառնա նախնական տեսքին»,- ասում է նա:

Սահմանի բացման դեպքում հնարավոր կլինի վերականգնել հայկական վայրի խաղողի տեսակները: Սակայն շուկա այն կարտահանվի որպես թուրքական բրենդ:

«Դուք ունեք երկու տարբերակ`պատերազմել, գրավել այդ հողերը և ստեղծել հայկական գինի կամ թուրքերի հետ համատեղ ստեղծել կովկասյան կամ Անատոլիայի բրենդը»,-ֿ«ԱրմենիաՆաուին» ասում է Հարությունյանը:

Ազգագրագետ Սուրեն Հոբոսյանի համոզմամբ`Հայաստանն ամեն կերպ փորձում է մտնել եվրոպական շուկա, բայց ճանապարհին կանգնած է Թուրքիան:

«Ու մենք պետք է անցնենք այդ ճանապարհը: Գուցե կորուստներ ունենանք, բայց չենք կարող այդ ճանապարհից հրաժարվել, հակառակ դեպքում կհայտնվենք փակուղում: Այս ոլորտում Իրանը փակ երկիր է մեզ համար, իսկ մեր համագործակցությունը ոչ թե Թուրքիայի հետ է, այլ աշխարհի: Ես դրանում վատ բան չեմ տեսնում»,- ասում է նա:

Հայաստանում խաղողի 90 տոկոսն օգտագործվում է կոնյակի արտադրությունում, 10-ը`գինու:

«Պատմությունը ցույց է տալիս, որ այդ սորտերը նախ զոհ գնացին իսլամին, ապա` ցարական Ռուսաստանին, հետո` Խորհրդային Միությանը:
Մինչդեռ աշխարհի լավագույն սորտերը հայկական խաղողի ժառանգներն են»,- ասում է Ավագ Հարությունյանը:

Ըստ նրա`գինու համաշխարհային շուկայում 30-40 տարին մեկ գինու ճաշակի հեղափոխություն է տեղի ունենում:

«Աշխարհը հոգնեց եվրոպական գինիներից, փնտրեց և գտավ էկզոտիկ երկրների` Չիլիի, Նոր Զելանդիայի, Հարավային Աֆրիկայի խաղողը: Հիմա աշխարհը փնտրում է նոր համ ու նոր որակ և կարծես թե կենտրոնանում է խաղողի ծննդավայրի վրա:  Պետք է փորձենք աշխարհին ներկայանալ մեր էկզոտիկ «աբորիգեն» խաղողով և դրանից ստացված գինով»,- ասում է նա: