Թափոնների կառավարման հերթապահություն

Թափոնների կառավարման կարգ

Կրթահամալիրի դպրոցներում՝ Թափոնների կառավարում նախագծի շրջանակում, սահմանել հերթապահություն։ Հերթապահությունն իրականացնում է երկարացված օրվա հերթապահ կազմակերպիչը՝ իր սովորողների հետ։

Թափոնները տեղափոխել թափոնների համար նախատեսված պահոց և կոկիկ տեսակավորել համապատասխան պարկերի մեջ՝ թուղթ, ստվարաթուղթ, ապակի, պլաստիկ, պոլիէթիլեն, մետաղ։ Մրգի և բանջարեղենի ավելորդ կեղևները կոմպոստացնել  հողի մեջ փորված փոսում, ծածկել հողով։ Կոմպոստի հաջորդ տարբերակը՝ այստե՛ղ։

Շաբաթվա հերթապահներ

Երկուշաբթի՝ 1-1 -Արևիկ Գևորգյան, 1-2-Լուսինե Տոնոյան
Երեքշաբթի՝ 2-1 դասարան- Շողիկ Զեյնալյան, 2-2-դասարան Լենա Վարդանյան
Չորեքշաբթի՝ 2-3 դասարան Անժելա Բլեյան
Հինգշաբթի՝ 3-1 դասարան, 3-2 դասարան Նարինե Պողոսյան
Ուրբաթ՝ 4-5-րդ դասարան Սուսաննա Պետրոսյան

Թափոնների կառավարում՝ հաշվետվություն

Հունվարի 31-ին Քլինլենդ վերամշակման գործարան հանձնեցինք 90 կգ պլաստիկ և 120 կգ ստվարաթուղթ,  ստացանք 13000 դրամ, որից 5000-ը վճարեցինք վարորդին, ֆոնդում մնաց 8000 դրամ։

Փետրվարին չենք հանձնել։

Մարտ ամսին հանձնեցինք 50 կգ պլաստիկ և 160 կգ ստվարաթուղթ։ Արժեքը՝ 10.000 դրամ, որից 5000 դրամ վճարեցինք վարորդին, 1000 դրամ՝ Ռուդիկին (սովորող), որպես պարգևավճար։ Ֆոնդում մնաց 4000 դրամ։

Ապրիլ ամսին հանձնեցինք 40 կգ պլաստիկ և 210 կգ ստվարաթուղթ, արժեքը՝ 10.300 դրամ, որից 5000 փոխանցեցինք վարորդին, ֆոնում մնաց 5300 դրամ։

Մայիսին հանձնեցինք 255 կգ ստվարաթուղթ և 25 կգ պլաստիկ, վարորդին վճարեցինք 10.500 դ, թափոնը երկու անգամ գործարան տանելու համար,  ֆոնդի գումար՝ 9000 դ:

Հունիսին հանձնեցինք 4000 դրամի ապակի, 120 կգ ստվարաթուղթ և 124 կգ պլաստիկ, արժեքը՝ 20.000 դրամ, վարորդին վճարեցինք 7000 դ, ֆոնդում մնաց 13000 դրամ։

Հուլիսին հանձնեցինք 15 կգ պլաստիկ և 190 կգ ստվարաթուղթ։ Գումարը կազմեց 7200 դրամ, որը ամբողջությամբ վճարեցինք վարորդին, քանի որ նա միայնակ էր պտտվել դպրոցներով և մենակ գնացել գործարան։

 

Աղբամանից փրկել ենք 344 կգ պլաստիկ և 1055 կգ ստվարաթուղթ։

Վարորդին վճարած գումար՝ 40.700 

Ֆոնդի գումար՝ 39300 

Ֆոնդի գումարից 36000 դրամի գնել եմ 10 հատ 80 լ տարողությամբ դույլ՝ մետաղ և ապակի տեսակավորելու համար։ Նախատեսված է Հարավային, Արևելյան, Արևմտյան, Քոլեջ և Մայր դպրոցներին երկուական գույներով տրամադրելու համար։ Լոգոները փակցնելուց հետո կբաժանեմ դպրոցներին։ Ապակին մի անգամ հանձնել ենք, մետաղը՝ ունենք մատակարարի հետ պայմանավորվածություն։

66010265_506538956749399_7995480263188545536_n

Մնացած 3000 դ․ հատկացվել է Փարաքար ճամփորդության համար։

Թափոնների կառավարման կարգ

 

 

 

Նամակ կռվախաղողին

24.06.2019

Սիրելի խաղողի թարմա,

Ների՛ր, որ հինգ օր քեզ ծարավ պահեցինք։ Չէ, չմտածես, թե ինչ որ մեկից վախեցանք, պարզապես մեր Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը՝ Արման Բարխուդարյանը, մե՜ծ ցանկություն էր հայտնել քեզ անձամբ ջրելու և քո շուրջը երկաթյա կարկաս հավաքելու վերաբերյալ։ Վստահ եմ, որ նա էլ է անհամբեր սպասում ձեր հանդիպմանը․ միգուցե դիզայինե՞րն է քեզ համար պերճաշուք կարկաս նկարում, երկա՜ր, մանրակրկի՜տ։ Ինչևէ, թույլ տուր քեզ այս անգամ էլ ճամբարականները ջրեն։ Իսկ կարկասիդ համար, խոստանում ենք, երկար սպասեցնել չենք տա և շուտով դու կուղղես քո կորացած մեջքը։

Սիրով՝ SOS ծառայություն

 

ՀՀ կառավարությունը հաստատեց Բիոլճակի վերակառուցման սուբվենցիա ծրագիրը

Օրեր առաջ Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանից տեղեկացանք, որ Բիոլճակի վերակառուցման սուբվենցիա ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Հիշեցնեմ, որ Բիոլճակի վերակառուցումը 2017-ից մինչև 2019 թթ․ կրթահամալիրի համար համարվում էր Էկոտուրի հիմնական ուղղություններից։

Բիոլճակի վերակառուցման գործում կան լուրջ ներդրողներ, որոնց հետ շուտով կկնքվի կառավարման, շահագործման պայմանագիր և նրանք կստանձնեն նաև համայնքի ջրահեռացումը։ Քննարկվում է, որ ներդրողները համայնքում կիրականացնեն աղբահեռացում և կկառուցեն աղբի վերամշակման գործարան։

Ներդրողները ռուսաստանաբնակ հայեր են, ովքեր ժամանել են հայրենիք, որպեսզի Փարաքարում ներդրում և բիզնես ծրագրեր իրականացնեն։ Նրանցից մեկի պապիկը 1905 թ-ին տեղափոխվել է Փարաքար, հայրը սովորել է տեղի դպրոցում։

Քանի որ Բիոլճակի նախագիծը պահանջում է ընդլայնում, որպեսզի սպասարկի ողջ համայնքին, ասել է թե մոտ 10000 բնակչության, ապա համայնքի ղեկավարը նոր նախագծի մրցույթ է հայտարարել։ Շուտով կհայտարարվի նաև շինարարության մրցույթ։ Համայնքի ղեկավարը հայտնում է, որ Բիոլճակի ծախսերի հետ կապված համայնքը իր ֆոնդից նույնպես ներդրումներ է իրականացնելու, ինչպես նաև ունի կոյուղագծերի կառուցման ծախսերի մոտ 70% -ը իր վրա վերցնելու հնարավորություն։ Համայնքն ունի մոտ 4000 մ հողատարածք, որոնց նպատակային օգտագործման նշանակությունը փոխելու համար Սամվել Վարդանյանը դիմել է ՀՀ կառավարությանը։ Ներկայիս հողատերերը, որոնք նպատակային չեն օգտագործել իրենց հողատարածքները, կզրկվեն դրանցից, իսկ նոր հողատերերը, ովքեր դիմել են տնամերձ, գործարան, այգի և այլ նպատակով հող ձեռք բերելու համար, վճարելու են հողի դիմաց, որոնց գումարները համայնքի ղեկավարը ևս ուղղելու է այս ծրագրերի իրականացմանը։

Բիոլճակի վերակառուցումը կտևի մեկ ու կես ամիս։ Զուգահեռ համայնքում կիրականացվեն կոյուղագծերի կառուցում և Շադրլու ջրանցքը վերջնականապես կազատվի կոյուղուց։ Փարաքարի դպրոցականները սկսել են ակտիվ հավաքել պլաստիկի և թղթի թափոնները և հետևել, որ Շադրու ջրանցքը դադարի լինել աղբանոց։

Կոյուղագծերի կառուցումը կտևի 7 ամիս, որից հետո կոյուղագծերը կմիացվեն Բիոլճակ տանող կոյուղատարերին։ Ոռոգման ջրով կապահովվեն Փարաքար համայնքի, ինչպես նաևՄուսալեռան և Էջմիածնի հողերը։

Քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի ամենամյա միջազգային փառատոնին ընդառաջ՝ Փարաքարի Միջնակարգ դպրոցի սովորողները՝ ուսուցչուհի Մարգարիտա Նավոյանի ղեկավարմամբ, եղան Շադրլու ջրանցքում և սեբաստացիների հետ նախագծեցին, էսքիզներ արեցին, թե ինչպես են պատկերացնում Շադրլու ջրանցքը։ Փառատոնին մասնակցելու միտքը նրանց ոգևորել էր, հատկապես, երբ իմացել էին ՀՀ կառավարության որոշման մասին՝ Բիոլճակի վերակառուցման վերաբերյալ։ Փարաքարի սովորողների նկարները մասնակցեցին հունիսի 21-ին կայացած Փառատոնի ցուցահանդեսին։

 

Այս մասին մանրամասն տեղեկությունները՝ Հոդված՝ Դպիրում

 

 

Մի թարմայի պատմություն

Հերթական խաղողի վազն էինք փրկում սովորողների ու ուսուցիչների՝ «SOS ակցիայի» շրջանակում․.. հենց մեր քթի տակ մեռնող, անտեր, անխնամ, ասֆալտին տապալված ու թուլացած մի խաղողի թուփ, երբ հայտնվեց Հ․ 76 մանկապարտեզի տնօրեն Նուրիցա Շահբազյանը և սկսեց իր աշխատակիցների հետ խլել, պոկել շտապօգնության հասած այգեգործի գործիքները՝ մի մասը նետելով հարևան շենքի աղբանոցը։  Սակայն դրանով չհանգստացավ անտեր տարածքում չգիտես որտեղից հայտնված տիրուհու սիրտը և հրամայեց դուրս հանել իր մանկապարտեզից թափոնների համար իրենց տրամադրած տեսակավորման տարաները, որոնց համար վճարում էր կրթահամալիրը, իսկ իրենց՝ անվճար ծառայություն մատուցում՝ տանելով մանկապարտեզի հավաքած թափոնը։ Նա մտածեց՝ եթե բնապահպաններիս ուրախություն է պատճառում բնությունը պլաստիկից, իսկ թուղթը՝ աղբամանից փրկելը, ուրեմն պետք է դադարեցնել այն։

Սպասե՛ք, դա դեռ ամենը չէ։ Ահազանգեց ոստիկանություն, թաղապետարան, հետո քրեահետազոտական ոստիկանների․․․ բոլորին հավաքեց իր շուրջը։ Տպավորությունն այնպիսին էր, թե այսքան պարապ աշխատող սպասում էր նրան ծառայելու։ Բոլորը խելացի դեմքերով, հույժ կարևոր առոգանությամբ օրենքից էին խոսում, իրենք օրինապահն էին, մենք՝ բնապահպաններս, օրինազանցները։ Ներեցե՛ք, եթե օրենքը սա է մեր երկրում, ապա ես պատրաստ եմ ամեն օր օրինազանց լինել, քան ապրել «բաոբաբների» օրենքներով։

Հետո օրվա մի քանի ժամը քաղմասում անցկացնելու պատվին արժանացանք։ Նա չէր խնայել անգամ իր աշխատակիցներին, ովքեր ժամեր առաջ դեռ ինձ բակում գրկում էին, իսկ այժմ հարկադրաբար ցուցմունք են տալիս իմ դեմ։ Նայելով նրանց խեղճացած ու մի բուռ դարձած կերպարանքին՝ ժպտում էի՝ փորձելով մեղմել նրանց խղճի խայթը։ Հասկանում էի, որ նրանք պետք է գային՝ անկախ այդ խայթից, պետք է հավատարիմ աջակցեին իրենց տիրուհուն,  քանի որ շա՜տ բարեսիրտ են, գիտեն, որ տիրուհին չի կարող ապրել իր «կաբինետից» դուրս ու սեղանից անպակաս բոնբոներկայի, ով գաղափար չունի, թե իր պարտեզի ոռոգման ջուրը որտեղից է դուրս հորդում և որ ասֆալտն է հեղեղում, երբ, ինչպես ինքն է ասում՝ իր կադաստերային  տարածքում մեռնում է խաղողը, ով չգիտի, թե իր պարտեզի պատի տակ արդեն շաբաթներ շարունակ կուտակված շինաղբը որտեղից առաջացավ և ոնց աղբանոցի վերածեց տարածքը՝ ի՛ր տարածքը․․․ Նայում էի նրանց, ու մի փայլուն միտք հղացավ՝ ազատել բոլոր գերիներին նման տիրուհիներից, ովքեր հրահրում են թշնամանք, ատելություն սերմանում թե՛ երեխաների, թե՛ ծնողական համայնքի, թե՛ աշխատակիցների միջև, ստոր ստեր հորինում սեբաստացի երջանիկ, բնապահպան, ստեղծարար, Կոմիտաս լսող, երգող, ազգային երգ ու պար ուսուցանվող սեբաստացիների հասցեին։

Սեբաստացի կրթահամալիրը կղզի չի մնալու, այն իր բարիքները կիսելու է բոլորի հետ։ Ով կընտրի Կրթական պարտեզ դրախտը, կփառավորվի, ով չէ, բարի ճանապարհ դժոխք։

Վաղուց տեղափոխված և տարածքը անտեր մնացած «Սիփան համատիրության» պատի տակ իրականացված մաքրման աշխատանքները և խաղողի թարմայի փրկության ճանապարհին իրադարձությունները դիտե՛ք «Մի թարմայի պատմություն» ֆիլմում։

Մեկ օր առաջ՝ տարածքի մաքրման աշխատանքներ

64628881_416405468957326_4068151949998948352_n64662360_2043157959323070_7743492272779427840_n

65118466_451268762332066_1720096288508215296_n

Հ․ 76 մանկապարտեզի պատի տակ

5 օր անց՝ Նամակ կռվախաղողին

8 օր անց՝ Մասնագետի կարծիքով