Իմ հարսանիքի չստացված կադրերը պատումի տեսքով

Ես միշտ կարծել եմ, թե յուրաքանչյուր աղջիկ երազում է հարսանիքի մասին, սակայն հարսանիք ասելով, առաջին հերթին հարսի շոր հագնել է պատկերացնում: Նա համաձայն է ամուսնանալ  անգամ առանց եկեղեցու օրհնության կամ քաղաքացիական զագսի, միայն թե կյանքում մի անգամ հագնի հարսի ճերմակ զգեստը ու լուսանկարվի։ Որոշ զույգեր, հարսանեկան մի շարք արարողությունների հետ չհամակերպվելու պատճառով, գերադասում են հարսանիքի փոխարեն մեկնել հարսանեկան ճամփորդության։

Նախքան ամուսնանալս մի օր, որպես մի անգլիացի լրագրողի թարգմանիչ, եղա Լուսիկ Ագուլեցու տանը։ Ինձ հագցրին նրա տարազներից և անգլիական ամսագրի համար լուսանկարեցին։ Այնքան ոգեշնչված էի, որ որոշեցի հարսանիքիս այդպիսի մի տարազով ամուսնանալ, իսկ հարսի մեքենայի փոխարեն՝ կառքով շրջել, բայց երբ այդ մասին ասացի հարազատներիս, ծիծաղեցին և ասացին, որ ես ազգի խայտառակիչ եմ։ Մերոնք ինձ փոքրուց էին այդպես ասում ու դա ասում էին երկու պատճառով՝ մեկը, որ շատ նիհար էի, երկրորդը՝ կռվարար էի։

Ամենաոգևորիչը, ամենատպավորիչը բոլոր արարողություններից՝ խոսքկապն էր: Մենք թաքնված տեսախցիկ էինք դրել տանը, որի մասին իհարկե միայն ես ու քույրս գիտեինք: Իսկական զավեշտ՝ դնել տեսագրությունն ու հետո խնամիների վրա փոստեր կապել:

Մի քանի ամիս անց ապագա սկեսուրս ասաց, որ ուզում է նշանդրեք անենք, ես էլ ոչ տարա, ոչ բերեցի, ասացի՝ ես հոգնել եմ նշանվելուց, եկեք միանգամից հարսանիք անենք: Այդպես էլ արեցինք։ Իմ  հարսանիքը տեղի ունեցավ ժամանակակից բոլոր ծիսակատարություններով և մի շարք ձախորդություններով։ Ձախորդություններից մեկը սեփական հարսանիքից ուշանալն էր: Երբ մեր բակում հարսանքավորները տաշի էին գոռում, ես իջա տաքսուց՝ ջինսով, սակայն հարսի քողով ու մտա շենք: Մեղքս ինչ թաքցնեմ, վարսավիրանոցում էի: Վարսավիրս, ում առաջին անգամ էի հանդիպում, սիրահարվեց իր հաճախորդին և դանդաղ սարքելով մազերը, փորձում էր համոզել, որ նա չամուսնանա: Չնայած մի քիչ էլ խնամիներն էին պայմանավորված ժամանակից շուտ տեղ հասել:

Իսկ երկրորդ ձախորդությունն այն էր, որ զագսում պարզեցինք, որ փեսու հարսանեկան մատանին  մոռացել ենք տանը։ Ստիպված ամուսնացանք հարսանքավորներից մեկի մատանիով, որը  վերադարձրինք արարողությունից հետո:

Եկեղեցում հաստատ որոշել էի, որ չեմ ասելու՝ հնազանդ եմ: Այդ բառի հետ, թող Աստված ինձ ների, բայց չեմ համակերպվում։ Երբ այդ դժվարին պահը վրա հասավ ու պատասխանս ուշացավ, ամուսինս կողքից  սկսեց հուշել՝ Հայկուհի, գոնե ասա տեր եմ, բայց մի լռի։

Հետո հիշում եմ, որ փեսայի տուն մտնելիս դռան շեմին երկու ափսե դրեցին՝ մեկը հարսի, մյուսը՝ փեսու համար: Չգիտեմ ինչ անցավ մտքովս՝ երկուսն էլ արագ ջարդեցի, որը սկեսուր մայրիկիս բոլորովին դուր չեկավ։ Իմ արարքը նրա համար վատ նշան էր։ Եվ իրոք, այդ օրվանից ես միայն ջարդում ու ջարդում եմ։ Իսկ ինձ համար վատ նշարնը մազերիս հարդարանքը քանդվելն էր։ Երբ հասանք հարսանյաց սրահ, մեքենայից իջնելուց փեսան քողս պատահմամբ պոկեց մազերիցս։ Ո՜նց էի ուզում այդ պահին փախչել այդ հարսանիքից կամ մեկին սպանել․․․Բավարարվեցի նրանով, որ հետո պատռեցի հարսանյաց բոլոր լուսանկարները, որոնք արվել էին սրահում՝ սանրվածքս փչանալուց հետո: Ինչ վերաբերվում է հարսանյաց տեսաերիզին, ես այն մի անգամ եմ նայել՝ 15  տարի առաջ ու թաքցրել բոլորից:

Բայց այս ամենի հետ մեկտեղ ուզում եմ ասել, որ հարսանիքն ուրիշ է: Ու նաև ասել, որ մայրիկի դերը դստեր հարսանիքին ուրիշ է: Այդ ժամանակ, եթե սպասեինք, մինչև մայրս արտերկրից վերադառնար, ամեն ինչ ավելի կազմակերպված կլիներ, բայց թե ի”նչը այսքան հիշարժան կլիներ առանց ձախորդությունների, չգիտեմ։ Այնուամենայնիվ լավ էր, որ այս հարսանիքում ինչ որ մեկը շատ էր շտապում ու որ այն տեղի ունեցավ 2003թ. նոյեմբերի 22-ին: Գոնե հայրիկս հասցրեց պապիկ դառնալ։ Նա սպասեց մինչև իր առաջին թոռնիկը՝ Էլենը կծնվեր, կդառնար ինը օրեկան ու նոր հանգիստ խղճով կհեռանար այս կյանքից։

Ֆոտոներն արվել են լուսանկարներից

27400133_355421058194923_462796778_n

 

27157409_355421054861590_221593157_n

27153379_355421071528255_1436345988_n

27153153_355420961528266_1733637428_n

Այս ճամփորդությամբ Աշտարակն ավելի սիրեցինք

Նոյեմբերի 2-ին՝ աշնանային մի պայծառ օր, տասնվեց տարատարիք սեբաստացիներ՝ երրորդից մինչև ութերորդ դասարանցի, մեկ ծնող և երկու դասավանդող ուղևորվեցին Աշտարակ։ Ճամփորդությունը «Թանգարանային» և «Գետը համայնքում» նախագծերի շրջանակում էր։ Մասնակիցներն ընտրված էին Միջին դպրոցի անգլերենի ընտրությամբ գործունեության խմբից և Հյուսիսային դպրոցից, ովքեր անգլերեն սովորել էին Աշտարակ քաղաքի, Պերճ Պռոշյանի և նրա տուն-թանգարանի, Մարիանե եկեղեցու, Քասախ գետի և ընդհանրապես գետերի նշանակության մասին։

Սկզբում մտավախություն ունեի՝ արդյո՞ք կկարողանան շփվել և ընդհանուր հետաքրքրություն գտնել այդքան տարբեր տարիքի սովորողներ՝ մի ճամփորդության ընթացքում։ Երևի այս մտավախությունն ունեին նաև այն սովորողները, ովքեր վերջին պահին հրաժարվեցին ճամփորդությունից։ Մեկը պատճառաբանեց, թե իրենց դասարանից ոչ ոք չկա, մյուսը՝ իր մտերիմ ընկերը չի գալիս և այլն։ Ինչևէ, կարևորն այն է, որ յուրաքանչյուր մասնակից կփաստի այն, որ հրաշալի և օգտակար ճամփորդություն ունեցավ։ Իսկ մեր փոքրերը՝ Սարգիսն ու Սոնան, օրվա խորհրդանիշն էին, բոլորի ուրախությունը և ամենքի հոգատարության կենտրոնում։ Նրանք թանգարանում և ամենուր ամենաշատ հարցեր տվողներն էին, ամենա-ամենան։

Ծրագիրը հագեցած էր և այնքան մանրամասն հաշվարկված, որ տաս րոպե անգամ շեղում չտվեց ֆիքսված ժամանակացույցից։

Առաջին կանգառը Աշտարակի հրապարակում Ներսես Աշտարակեցու արձանի մոտ էր, որտեղ մեզ սպասում էին Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի վեցերորդ դասարանի քսան հոգանոց խումբը՝ իրենց պատմության ուսուցչուհու, մեզ արդեն ծանոթ՝ Ազնիվ Գալստյանի հետ։ Արձանի մոտ  անգլերեն պատմեցինք Աշտարակ քաղաքի մասին, որը շարունակեց ընկեր Ազնիվը և իր սովորողները։ Նրանք պատմեցին նաև Ներսես Աշտարակեցու մասին և ծանոթացրին հրապարակի տարածաքում գտնվող շինություններին։ Պատմելով քայլեցիք դեպի Մարիանե, այնուհետև՝ Կարմրավոր եկեղեցիներ։ Յուրաքանչյուր եկեղեցու բակում անգլերեն և հայերեն դաս-պարապմունք անցկացրինք։ Լսեցինք եկեղեցիների մասին ավանդազրույցները։ Օհանավանի դպրոցի սովորողները նաև արտասանեցին Գևորգ Էմինի բանաստեղծություններից, որի աճյունն ամփոփված է Կարմրավոր եկեղեցու բակում։ Նրանք նաև իրենց այգիների քաղցրահամ խնձորը հյուրասիրեցին բոլորիս։

Մի թափառական շան սեբաստացիներն այնքան սիրով ու ջերմությամբ վերաբերվեցին, որ  հրապարակից սկսած, ողջ ճամփորդության ընթացքում, մեզնից ձեռք չքաշեց։

Հասանք Պերճ Պռոշյանի տուն-թանգարան։ Բակում՝ Պռոշյանի հուշարձանի մոտ, անգլերեն պատմեցինք Պռոշյանի կյանքի ու գրական գործունեության մասին։

Թանգարանը մեզ ջերմորեն ընդունեց, նաև զեղջեր արեց։ Միայն 16 հոգի մեծ ու փոքր սեբաստացիներից տասը տոմսի գումար վերցրեց։ Նա մեր երկու դպրոցներին երկու գիդ տրամադրեց՝ վերցնելով մեկի ծառայության արժեքը։ Գիդն այնքան պարզ ու հետաքրքիր ներկայացրեց Պռոշյանին, որ բոլորս բանաստեղծին շատ սիրեցինք։ Ես այնքան ոգևորվեցի Պռոշյանով, որ որոշեցի անպայման վերընթերցել «Սոս և Վարդիթեր» պատմվածքը և էլի այլ պատմվածքներ, որտեղ նա ներկայացնում է գյուղական կյանքը և հայկական ծիսական ավանդույթները։ Իմանալով, որ Պռոշյանը գյուղացուն այնքան է սիրել ու պայքարել հավասար իրավունքներով հասարակություն ստեղծելու համար, եղել է ոչ միայն գրող, այլ նաև թարգմանիչ, լուսանկարիչ, հայկական թատրոնի ու կանանց դպրոցի հիմնադիր, թատրոնի դերակատար և այլն, անգամ մեղքի զգացում ունեցա նրա հանդեպ, քանի որ կրթահամալիրում Պռոշյանին կարծես թե այնքան էլ չեն կարևորում։ Ամեն դեպքում ես վերգտա Պռոշյանին և նա դարձավ ինձ համար երկրորդ Խաչատուր Աբովյան, ինչպիսին նա երազել է լինել։ Ժամանակին Պռոշյանը ոգեշնչվել է Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպով և ձգտել լինել «Երկորդ Աբովյան» իր ժողովրդի համար, որից հետո գրել է «Հացի խնդիր» պատմվածքը, որը մեծ հռչակ է բերել գրողին։

Թանգարանում ցուցադրված Պռոշյանի ձեռնափայտը, որի բռնակը Ղ․ Աղայանի գլուխն է, իմ մեջ մանկության հիշողություններ արթնացրեց, անբացատրելի հուզմունք, երբ հիշեցի դպրոցական տարիներին լսածս՝ «Աղայանին բկիցը բռնած ման եմ տալիս» արտահայտությունը, որն արել էր Պռոշյանը՝ պատրաստել տալով այդպիսի ձեռնափայտ։

Թանգարանից հետո մեր մեծ խումբը ուղևորվեց դեպի ձոր՝ անցնելով Հին բաղնիքի կողքով։   Հանեցինք աղբի տոպրակներն ու ձեռնոցները և ճանապարհը մաքրելով հասանք Աշտարակի ձոր՝ սիրված վայր բոլորի համար։ Մի լավ խաղացինք, սնվեցինք ու էլի մի փոքր դաս անցկացրինք՝ խոտերի մեջ նստած։ Ձորից դուրս գալով՝ քայլեցինք դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի, որի բարձունքից հետևեցինք ձորում իրականացվող շինարարական աշխատանքներին, որի կողքով զգուշությամբ անցել էինք։ Հինգերորդ դասարանի սովորողներից մեկը՝ Հայկ Հովհաննիսյանը, մտահոգված ցույց տվեց, թե ինչպես է բեռնատարը ինչ-որ շինանյութ լցնում գետի մեջ ու ջուրը պղտորում։ Մենք սկսեցինք վերևից նկարահանել  ու դժգոհել, մինչև մեզ մոտեցավ եկեղեցու աշխատակիցը և ցույց տալով գետի ափին կառուցված պատնեշը, բացատրեց, որ նրանք ընդամենը իրականացնում են պատնեշի կառուցապատման շարունակությունը։

Հաջորդը ճոճվող կամուրջն էր, որի համար էլ մեր կրտսեր ճամփորդ Սոնան մասնակցել էր այս ճամփորդությանը։ Իհարկե բոլորի ոգևորությունը մեծ էր՝ կամրջի վրայով անցնելիս, քանի որ այսպիսի զգացողություն ամեն օր չես ապրի։

Ոլոր-մոլոր բակերի միջով հասանք հրապարակ, որտեղից սկսվել էր մեր աշտարակյան ճամփորդությունը։ Հրաժեշտ տվեցինք Օհանավանի դպրոցականներին՝ շուտով կրթհամալիրում հանդիպելու պայմանավորվածությամբ և շարունակեցինք մեր ուրախ ճամփորդությունը դեպի մառան։ Մառանում սովորողները հերթով հագան ռետինե կիսաճտգավոր կոշիկները և խաղող ճզմեցին՝ գինու համար։ Բակում վազվզեցին հավերի, հնդկահավերի ետևից, խաղացին շան հետ։ Մեղվաբուծության և մեղվապահության վերաբերյալ վարպետության դաս ունեցանք մեղվապահ ընկեր Սիմոնի հետ։ Թեյի հետ համտեսեցինք այդ մեղուների ստեղծած անարատ մեղրը, ընկույզ և տնական սալորաչիր։

Ժամը 18:00-ին հասանք դպրոց՝ լի էներգիայով, և թվում էր, թե դեռ նոր պետք է սկսվի մեր ճամփորդությունը։

Մեկ օր՝ դասավանդողի իմ օրագրում

Հունիսի 16-ին, ժամը 11-ին՝ կրթահամալիրի Քոլեջում, գրքի շնորհանդես էր։ Քոլեջի սովորողներն անգլերենից հայերեն մի հրաշալի հեքիաթ էին թարգմանել և կցել իրենց ձայնագրությունը՝ ստեղծելով երկլեզու խոսող գիրք։ Շնորհանդեսին, բացի դասավանդողներից, ներկա էին նաև 2-4 տարեկանները, որոնց ընկեր Գայանեն, երբեմն էլ օրիորդ Նառան հարցեր էին ուղղում ունկդրվող հեքիաթի վերաբերյալ, ոգևորում և էլ ավելի կենդանություն հաղորդում հեքիաթին։

Հաջորդը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի լողափին Արփի Սահակյանի

Կտրատիր այս հիմար հեռախոսների լարերը մոնոներկայացումն էր, որը դիտում ու մտծում էի․ Արփին այնքան մանկական աղջնակ է, բայց մտքերը, զգացմունքները որքա՜ն հասուն են, ինքն՝ անկաշկանդ ու եթերային՝ ինչպես զեփյուռ, արտասովոր ամեն ինչով, որ նայում ես ու չես կշտանում։ Իսկ միջավայրը՝ լողափին կից բացօթյա բեմահարթակը, մահճակալը՝ բակում․․․իսկական գեղարվեստական միջավայր, որը գամում է հանդիսատեսին, անգամ ներկայացման ավարտից հետո մարդիկ չեն ուզում վեր կենալ ու հեռանալ և միայն հերթական հանդիպումն է պատճառ հանդիսանում պոկվելու տեղից։

19264945_502114523469194_1154687954_n

19206212_502114520135861_84758714_n

Ներկայացման ավարտից կես ժամ անց մի խումբ սովորողների ու Քրիստինե Շահբազյանի հետ Մայր դպրոցի կենտրոնական ընթերցասրահում էինք՝  «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ». մամլո ասուլիս -ին։ Դա ասուլիս էր երկու ժողովրդների միջև՝ բարեկամության, համատեղ նախագծերի ու հետագա անելիքների վերաբերյալ։ Որքան էլ այս ամենը քաղաքական ֆոնի վրա լիներ, միևնույն է առանցքում անկեղծ բարեկամությունն էր, սերը, որը լույսի պես ճառագում էր Վրաստանի Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցի ուսուցիչների և նրանց տնօրեն՝ Լելա Ճինճարաուլիի շուրթերից, տիարի աչքերից ու ներկաների՝  միմյանց հետ փոխանակվող ջերմ հայացքներից։

Մի օր առաջ կրթահամալիրի համերգասրահում՝ «Բանգլադեշյան պլեներ 2017» ամենամյա փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Երաժշտական ստուգատեսը, որին մասնակցեց նաև Փարաքարի Արվեստի դպրոցը։ Այսօր իրենց հաշվետու համերգն էր, որին ներկա էինք ես և Շուշան Ալեքսանյանը՝ իր դստեր հետ։

Երաժշտական համար՝ նրանց կատարմամբ․

 

 

Ժամը 18:00 Սեբաստացիները, մեր վրացիների խումբը և Վրաստանի դեսպանը Անգլիական այգում Ամենամյա «Բանգլադեշյան պլեներ 2017» փառատոնի կազմակերպիչներն ու մասնակիցներն էինք՝ մեր շուրջպարերով, վրացիների կրակոտ պարային կատարումներով, նկարիչ-դիզայիներների միջավայրի ձևավորման աշխատանքներով, ազգային խաղերով ու ծափերի տարափով։ Այգում զարմանքով-հիացմունքով մեզ նայողների մեջ նկատեցի մի երիտասարդ զույգի, ով ակնհայտ հետաքրքրությամբ նայում էր պարողներին։ Զգացի, որ երիտասարդի դեմքը շատ ծանոթ է։ Հա՜, հիշեցի ես նրան․ Ամերիկայի դեսպանատան այն դեսպանն էր, ով ամիսներ առաջ մերժել էր ինձ՝ “okay” խփելու փոխարեն։ Ափսոս շուտ չկողմնորոշվեցի՝ մոտենայի, զրուցեի, մի հատ երեսով տայի արածը, հասկացնեի, որ այսպիսի կրթահամալիր ունեցողին պետք չէր իրենց Ամերիկայում մնալը․․․այնպես անեի, որ փոշմաներ սեբաստացուն մերժելու համար ։)

Տեսաձայնագրությունը ՝ Գևորգ Գրիգորյանի

 

Տեսաձայնագրությունը՝ Սեդա Վիրաբյանի

 

 

 

Փորձի փոխանակում, ինտեգրված դաս Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում և էկոլոգիական նախագծի իրականացում Զանգվի կիրճում

Ապրիլի 21-ին՝ առավոտյան ժամը 10:00, Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանցիները Քանաքեռավանում գտնվող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում իրականացրեցին ինտեգրված դաս և փորձի փոխանակում Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոցի 6-րդ դասարանցիների հետ։

Առարկաներ՝

Հայոց լեզու և գրականություն՝ «Աբովյանի անվան N 84» դպրոցի դասավանդող Անահիտ Ղազարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ՝

Հայրենագիտություն՝ Կարինե Պետրոսյան

Բնագիտություն՝ Անահիտ Եղյան

Մայրենի լեզու՝ Քրիստինե Շահբազյան

Անգլերեն լեզու՝ Հայկուհի Հովհաննիսյան

Դասի թեման՝

  • Խաչատուր Աբովյան
  • Աբովյանի առակները
  • Աբովյանի Զանգին՝ Հրազդան գետը՝ որպես Աբովյանի նազենի բնակավայր
  • Զանգվի  էկոլոգիական խնդիրները

Թանգարանի պարիսպներից ներս մտնելուն պես ընկեր Կարինեն անցկացրեց հայրենագիտության դաս։ Մուտքը գեղեցիկ էր, խոստումնալից։

Մեզ դիմավորեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Լուսինե Մելքոնյանը՝ մեր տաղանդավոր շրջանավարտ Հայկ Գրիգորյանի մայրիկը, ում աջակցությամբ թանգարանում կազմակերպվեց մեր համատեղ դաս-պարապմունքը։ Շուտով մեզ միացավ Աբովյանի անվան թիվ 84 դպրոցը։ Թանգարանի կրտսեր գիտաշխատող Աննա Մարալյանը թանգարանին կից գեղատեսիլ պուրակում  իր շուրջը հավաքեց դպրոցականներին և, որպես մուտք, բարի գալուստ մաղթելով դպրոցներին, սկսեց պատմել Խաչատուր Աբովյանի մասին։

Աբովյանի մասին հայերեն-անգլերեն պատմեցին նաև Հյուսիսային դպրոցի սովորողները։

Հատված՝ ուղիղ եթեր

Լուսինե Մելքոնյանը նշեց, որ աշակերտների շուրթերից անգլերենով Աբովյան չէր հնչել թանգարանում։ Չգիտեմ՝ տխրե՞մ, թե՞ ուրախանամ այս փաստից։ Միգուցե Աբովյանի թանգարանի մասին օտար լեզուներով ուսումնական նյութերի, տեսաֆիլմերի ստեղծման, համացանցում դրանց տարածման, օտար լեզուներով միջոցառումների կազմակերպման, սովորողներին ներգրավման դեպքում թանգարանում ավելանա՞ն օտարերկրացիների այցելությունները։

Աբովյանի անվան թիվ 84 դպրոցը ներկայացավ Աբովյանի առակների բեմադրությամբ։ Սովորողներից մեկը մարմնավորում էր Խաչատուր Աբովյանին։ Տպավորիչ էր նրա կերպարը։ Նա Աբովյանի կերպարով արդեն հայտնի էր «Թանգարանային գիշեր» միջոցառումից։ Բաժանվելիս փոքրիկ Աբովյանն ասաց, որ տպավորված է մեր սովորողների անգլերենից և անպայման ինքն էլ կսովորի անգլերեն ներկայացնել Աբովյան։ Հաճելի էր դա լսել, շնորհակալ եմ։

Հյուսիսային դպրոցի սովորողները կարդացին և մեկնաբանեցին Աբովյանի առակներից մի քանիսը։ Հետո խոտերի մեջ հարմարավետ տեղավորվելով՝ ներկայացրին ռիթմիկ արտասանություն՝ Աբովյանի «Զանգի» հավելվածից։ Աբովյանի թիվ 84 դպրոցի սաները շուրջպար էին պատրաստել, որին միացան նաև սեբաստացիները։ Մեր համատեղ պարապմունքն ամփոփեցինք շուրջպարով։ Սիրալիր բաժանվեցինք Անահիտ Ղազարյանից և նրա սաներից՝  ակնկալելով կրկին հանդիպում, նոր նախագծերի համատեղ մշակում և իրականացում:

 

Էքսկուրսավար Աննա Մարալյանի ուղեկցությամբ շրջեցինք թանգարանում, մեկ անգամ ևս ավելի մանրամասն ծանոթացանք Աբովյանի ծննդավայրին, նախնիներին, կրթությանը, ամուսնությանն ու ժառանգներին, գրական ժառանգությանը, Թիֆլիսում և Երևանում նրա մանկավարժական գործունեությանը։ Տեսանք տոհմատունը, որը 200 տարի առաջ կառուցել էր Խաչատուր Աբովյանի պապը՝ Պարոն Աբովը, ով բավականին հարուստ մարդ է եղել, որի համար նրան Պարոն Աբով են ասել։  Կռանալով ներս մտանք ցածր շքամուտքից և շրջեցինք չորս հարկաբաժիններով՝ թոնրատուն, մառան, հյուրասենյակ և պատշգամբ։ Ամենատպավորիչն Աբովյանի օրորոցն էր և պատից կախված ճրագը, որն աղոտ լուսավորում էր հողածածկ հատակով, բարձր առաստաղով փոքր-ինչ վախ ներշնչող սենյակը, որը մանուկ Աբովյանի հուշերում նույնպես սարսափ է դրոշմել։ (Տեսնես այն ժամանակվա աղքատների տունն ինչպիսի՞ն է եղել, եթե Աբովյանի տունը հարուստի տուն է, կամ միգուցե նրանց հարստությունը կենցաղային իրերով, կահ-կարասիով է պայմանավորված եղել։ Կամ միգուցե այս փոքրիկ սենյակի մեծ-մեծ սնդուկների մեջ թանկարժեք իրեր են եղել, հետաքրքիր է)։

 

Թանգարանի առաջին հարկում տեսանք Գեղարվեստի ավագ դպրոցի նկարիչ-սովորողների պատրաստած Աբովյանի տոհմածառը, քարերին արված աբովյանական պատկերները և դիմանկարը։

 

Շրջեցինք ցուցասրահով, տեսանք Աբովյանի գրասեղանը, որը թանգարան է բերվել Դորպատի համալսարանից, մանրադիտակով դիտեցինք բրնձի հատիկի վրա պատկերված Խաչատուր Աբովյանի ու Արարատի սքանչելի պատկերը։

 

Էքսկուրսավարի հետաքրքիր պատմությունները կենդանություն էին հաղորդում պատերից կախված նկարներին։ Ապակու հետևում խնամքով դասավորված Աբովյանի գեղեցիկ ձեռագրերը կանչում էին, ուզում էին, որ իրենց ձեռքդ առնես, ընթերցես, զգաս իրենց ժամանակի շունչը, գնահատես դրանք, որոնք Աբովյանի կենդանության օրոք ըստ արժանվույն չեն գնահատվել հետամնաց ու չարակամ «հեղինակությունների» կողմից։

 

Թանգարանը կենդանի էր, տեսնելու ու լսելու մի հսկայական պաշար կար ամփոփված, թևածում էր Խաչատուր Աբովյանի շունչը՝ Արարատի վեհությամբ, զգացվում նրա ներկայությունը, բայց այս ամենի մեջ առավել ցայտուն զգացվում էր այցելուների բացակայությունը։ Մի՞թե կարելի է Աբովյանին այսքան մենակ թողնել։ Նրա տունը պետք է միշտ մարդաշատ լինի, լի տարատարիք սովորողներով, այցելուներով, զբոսաշրջիկներով։

Ավելի երկար կուզենայինք մնալ, սակայն դեռ Զանգվի ձոր պետք է իջնեինք, իսկ ի՞նչ աբովյանական նախագիծ առանց Զանգվի ու Անահիտ Եղյանի էկոլոգիական նախագծի։

Կարինե Պետրոսյանը հուշամատյանում բոլորիս անունից արձանագրություն թողեց, իսկ Քրիստինե Շահբազյանն իր լրագրողներով «Հյուսիսափայլ» ռադիոյի համար հարցազրույց վերցրեց։

Ավտոբուսը շարժվեց դեպի Քարաշամբ, Կորեայի կամ Շամպայնի ձոր։

Ավտոբուսը կանգնեց ձորից բավականին հեռու։

 

Մենք, այծիկների պես թռչկոտելով, սկսեցինք իջնել ձորն ի վար։ Լսվեց Զանգվի անուշ քչքչոցը։ Գետում սովորողները սկսեցին քարից քար ցատկոտել, դիտավորյալ չրմփալ ջրի մեջ՝ ականջ չդնելով մեզ, որ խնդրում էինք՝ հանկարծ չթրջվել։

Հավաքվեցինք ու բնագիտության ամենահավես դասն արեցինք։

Հետո հագանք ձեռնոցները, վերցրեցինք աղբի տոպրակները և որքան աչքներս աղբ տեսավ, մինչև մեկնելը հավաքեցինք։

 

Աղբի տոպրակները մեզ հետ տարանք ավտոբուս, որն արդեն իջել էր ձոր։ Մեր նախատեսած ժամին հասանք Գեղարվեստ, ճաշեցինք և բարձր տրամադրությամբ մասնակցեցինք մեդիաուրբաթին։

Ճամփորդությունից բոլորս գոհ մնացինք, հատկապես, երբ ավտոբուսը ընդարձակ էր ու հարմարավետ մեր քսան հոգանոց խմբի համար։

Տեսադասը՝ շուտով։

Գյումրու փողոցներով

Այսօր մարտի երեսունմեկն է, օրը՝ ուրբաթ։ Նախքան քնելը զարթուցիչ էի դրել՝ ժամը վեցին, սակայն այն զնգաց երեկոյա՛ն վեցին, երբ արդեն տուն էի հասնում։ Տաքսու վարորդի հետ մի լավ ծիծաղեցինք․․․

Օրինակ, ինչ կլիներ, եթե շարժվեի ըստ զարթուցիչի։ Չէր լինի այս օրը, որտեղ յուրաքանչյուր քայլ իմաստ էր պարունակում, չէր լինի հանդիպումը և համագործակցության նախնական պամանավորվածությունը՝ Գյումրու Թիվ 1 ավագ դպրոցի հետ, չէի իմանա, որ ավերված Գյումրու մանկապարտեզներում դեռ մնացել են վարիչներ-հնություններ, չէի ունենա Գյումրին՝ իմ սրտում ու այն արժեքները, որոնք ավելացրին իմ աշխարհայացքը և վերջապես, իմ կյանքն այլ կլիներ առանց Գյումրու։ Դե, բարեբախտաբար մայրիկիս տանն էի գիշերել, ու նա  ինձ ժամանակին արթնացրել էր, հակառակ դեպքում գնացքից ուշանալու էի։ Մենք՝ մի խումբ ուսուցիչներով, մշակութային ճանաչողական ճամփորդության էինք մեկնում դեպի Գյումրի, թափառելու Գյումրու փողոցներով, ճանաչելու մի քաղաք, որն ըստ տվյալների համարվում է հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը։

Նախքան Սասունցի Դավթի կայարան հասնելը, ճանապարհին մտովի տեղափոխվեցի դպրոցական տարիներս, երբ հայրիկիս հետ նույն գնացքով գրեթե ամեն շաբաթ-կիրակի ուղևորվում էինք Մասիս՝ ամառանոց։ Հիշեցի հայրիկիս խոսքերը, որոնք ասում էր այն ժամանակ, երբ հանկարծ ուշանում էինք ու գնացքի հետևից միայն հայացքով էինք հասնում․-«Բալա՛ ջան, կյանքն էլ է գնացք, նա չի սպասում…»։

Կայարանում հաճելիորեն անակնկալի եկա, երբ պարզվեց, որ տիար Բլեյանն էլ է մեզ հետ, ինչպես նաև տիարի ընկերը՝ ֆրանսահայ Ժիրայրը և Լուսինե Բուշը։ Անմիջապես ճամփորդության գույները փոխվեցին և օրվա ակնկալիքներն ինձ համար այլ հմայք ստացան։ Երեքժամյա ուղևորության ընթացքում տիարը չէր դադարում պատմել, փոխանցել, իրազեկել մեզ շրջապատող այն ամենի մասին, ուր տանում էր երկաթուղին՝ իր փոշոտ, հնամաշ ու անխնամ վագոններով։ Կատակի էինք վերածում գնացքում ապակիները լվանալու նախաձեռնությունը, բայց դա կարող է դառնալ ակտուալ։ Ինչու” չենք կարող կամավոր մի խմբով իրականացնել դա՝ ասենք հաջորդ Գյումրի մեկնելու ժամանակ։ Այն կարող է լինել հրապուրիչ պարային մի ֆլեշմոբ, որի կայծը այս հարցում փորձառու Անուշ Ղազարյանը հաստատ կգցի իր ինքնաբուխ պարով։ Թող մենք սկսենք պարելով մաքրել ու թող փորձեն մեզ չմիանալ մեր վագոնակիցները․․․

Մի քանի նախադասությամբ կիսվեմ Գյումրի կատարած ճամփորդության տպավորություններով՝ մինչև օրվա մասին ֆիլմը պատրաստելը։

Կայարանից ոտքով զբոսնելով իջանք դեպի հրապարակ։ Ուրախ էի, երբ առաջին հայացքից թվում էր, թե Գյումրին ամայի չէ, կա մարդկանց ու մեքենաների հոսք, շարժ, այգիներ, խանութներ, հյուրանոցներ, սրահներ։ Սակայն հայացքս շարունակ փնտրում էր Գյումրու ֆոլկլորը, գյումրեցու հյուրընկալ հայացքն ու իրեն հատուկ հումորը։ Իսկ քաղաքը, հակառակի պես, աչքի էր ընկնում ինչ որ ժամանակակից անվանումներ կրող ցուցանակներով, որոնք ամենից շատն են սղոցում զբոսաշրջիկին կամ նրա հայացքով քաղաքին նայող այցելուին, ով եկել է Գյումրին տեսնելու, նրա տիպիկ շունչը զգալու, քաղաքին բնորոշ համն ու հոտն առնելու։

Իմանալով, որ քաղաքը ժամանակին եղել է  պատմական տարածք, հարուստ մշակութային ժառանգություն և ավանդույթներ ունեցող խոշոր բնակավայր, հայացքդ չի դադարում թափառել այս ու այն կողմ, նշաններ փնտրել ու հիանալ վարպետների հետքերով։ Այս ամենից որոշ հետքեր տեսանք, երբ անցանք փողոցից փողոց, դալանից դալան, տնից տուն ու բակից բակ։ Տեսանք խարխլված Գյումրին՝ հնամյա տներով, Թամանյանական ոճով կառուցված ֆասադներով, տիպիկ հայկական ճարտարապետական կոյակներով ու զարդանախշերով, բազալտե շինություններով, փայտե հնամաշ ցուցափեղկերով, բացօթյա սրտաբաց պատշգամբներով, բայց ցավալին այն էր, որ այս ամենը անմարդաբնակ էր ու սարսուռ առաջացնող։ Մի ժամանակ այս քաղաքը զարգացման բարձրագույն կետին է հասած եղել, որը քսանինը տարի առաջ ընդամենը մի քանի վայրկյանում վերածվել է ավերակների ու մինչ օրս ավերակներն են այստեղ շշնջում իրենց կորուսյալ անցյալը։ Իսկ ինչու” այն դարձավ անցյալ, ո”ւր են երիտասարդ տերերնն այս քաղաքի, ինչու” տեր չեն կանգնել օրեցօր մաշվող-քայքայվող իրենց հայրական օջախներին։ Ու”ր են այն վարպետաց-վարպետները, որոնց նախաձեռնությամբ պատառիկ առ պատառիկ, թաղ առ թաղ Գյումրին կարող էր գունավորվել, տասնամյակների փոշին նստելու փոխարեն՝  սսրբվեր ու աղբազերծվեր։ Այս դեպքում աշխարհի հետաքրքրասեր հայացքն էլ կուղղվեր դեպի Գյումրին, իսկ քաղաքը հայացքը կրկին կհառեր երկինք, դեպի հույս ու հավատ՝ առ Աստված։

(Ներշնչանքը՝ տիար Բլեյանից)

17690521_1459824894069662_1695867088_n

17690786_728182404022342_813124953_n17741042_728182270689022_2061539881_n

17742070_1459824887402996_671582472_n (1)

17577769_728182440689005_1430965399_n

17577938_728182514022331_303236064_n17690845_728186970688552_609070335_n

17690071_728182187355697_1061440432_n

Մեդիաուրբաթ` Ամենային Հայոց բանաստեղծի տանը

Տոն էր այն օրը, երբ ծնվեց հայ ժողովրդի ամենասիրելի բանաստեղծը։ Տոնի էր վերածվել նաև երեկվա օրը՝ մարտի 24-ը, երբ մեծից մինչև Վահան բանաստեղծի տուն-թանգարանի շեմին՝ որպես աղոթք-հակաբացիլ, Թումանյան-Կոմիտաս ստեղծագործություններով թնդեցնում էին հիսունչորս աստիճանները, որոնք խորհրդանշում էին մեծն բանաստեղծի ֆիզիկական կյանքի տարիները։

Ֆիլմում ներկայացված են հատվածներ՝ հագեցած օրվա մասին, պատառիկներ՝ մեր փոքրիկ գիդ-էքսկուրսավարների առաջին քայլերից, որոնց ամբողջական նյութը՝ որպես տեսադաս, կարող եք դիտել շուտով։

Որպես հուշանվեր, թանգարանի կողմից նվեր ստացանք մի հրաշալի գիրք, որն իր պատվավոր տեղը կզբաղեցնի Կարինե Մամիկոնյանի առաջին դասարանցիների նորաստեղծ ընթերցասերի անկյունում։

Գրքում ներկայացված է երեք բրազիլական ժողովրդական առասպելների և Հովհաննես Թումանյանի երեք հեքիաթների յուրահատուկ համադրություն։ Բրազիլական առասպելների նկարազարդումները կատարել են հայ երեխաները, իսկ Թումանյանի հեքիաթների նկարազարդումները՝ բրազիլացի երեխաները։