Կրթահամալիրն ինձ համար․ խոստովանություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ապրում-աշխատում, մարզում-մարզվում եմ 2011 թ-ից սկսած, իսկ երկու երեխաներս՝ 2010 թ-ից, այսինքն, նրանք մեկ տարով ինձնից մեծ սեբաստացիներ են։ Կրթահամալիրում գործելու մոտ ինը տարիների շնորհիվ կյանքս կարելի է բաժանել երկու ժամանակաշրջանի՝ Մ․ս․ա․ և  Մ․ս․հ․*։ Իմ կրտսեր որդին, ով ծնվել է Մ․ս․հ․ 2014թ-ին, խորհրդանշում է կրթահամալիրի մեծ ներդրումը՝ ծնունդներին, ծոցվորին խրախուսելու, ասել է թե՝ «հավեսի գցելու» մեջ։ Մի տեսակ բրենդ է դարձել սեբաստացի լինելը, իսկ թե քանի՞ սեբաստացու ծնող ես, կրթահամալիրում այնքան «կլասդ» բարձր է, հետդ խոսել չի լինի։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, ինչպես Մոսկվան կամ Հռոմը, մեկ օրում չի կառուցվել։ Այն արդեն երեսուն տարեկան է, և այդ տարիների ընթացքում շատերն են իրենց բաժին քարը քարին դրել, որոնց ասում եմ՝ ՇՆՈՐՀԱԿԱ՛Լ ԵՄ, որ դուք եղել եք, կաք այսօր, բռնում եք նորեկ սեբաստացու ձեռքից և նրան սեբաստերեն քայլել սովորեցնում։ Իսկ կրթահամալիրի ամենամեծ  հիմնադիր Աշոտ Բլեյանին, ում հետևից երեսուն տարեկաններն անգամ չեն հասնի, ասում եմ՝ Տիա՛ր ջան, Ձեզ անսպառ էներգիա, դուք կյանքի՛ աղբյուր դպրոց եք կերտել, որտեղ սովորում են ո՛չ թե երկուսից մինչև տասնյոթ տարեկաններ, այլև առանց տարիքային սահմանափակման ուսուցիչներ ու ծնողներ։ Ստեղծել եք մի աշխարհ, որը ինքնագրամա է*՝ ճամփորդություն դեպի ներս՝ ինքնաճանաչում և ինքնաբացահայտում, բայց միաժամանակ` ճամփորդություն ներսից դուրս՝ ինքնազարգացում և անձնային աճ։ Անձամբ ինձ համար՝ նաև էնեագրամա*։

Այսքան խորքային միգուցե չէի տեսնի, եթե չունենայի անցյալ․․․ Մի պահ վերադառնամ շատ ավելի վաղ ժամանակներ՝ 1995-1996 թթ,  երբ թե՛ ուսուցիչներս, թե՛ հարազատներս իմ մեջ տեսնում էին լրագրողի, ու նրանց հայելապատկեր հայացքներում ակամա լրագրող էր հասունանում իմ մեջ։ Այդ ժամանակ շատ նիհար, 15-16 տարեկան, բարձր պոչիկ կապած մազերով մի աղջիկ էի, ով վազվզում էր Արշակունյաց պողոտայի Տիգրան Մեծ հրատարակչության՝ մամուլի շենքով վերն ի վար՝ ցանկանալով  թղթակից դառնալ։

Մի օր «Կանչ» և «Հայք» թերթերի խմբագիրները թերահավատորեն կեսբերան հոդված գրելու թեմաներ առաջարկեցին․ զգացի, որ նպատակը ինձնից այդ պահին ազատվելն էր, բայց այնուամենայնիվ շատ ուրախացա։ Իսկ երբ օրեր անց կոկիկ, մեքենագրված հոդվածներս հայտնվեցին նրանց սեղաններին, գոհունակ ու ակնկալիքով լի հայացքներից դատեցի, որ պահանջարկս բարձրացավ սնդիկի գերբնական արագությամբ։ Այդ օրը հաղթական դուրս թռա հրատարակչության շենքից՝ օր առաջ նոր հոդվածներով վերադառնալու վստահությամբ։ «Կանչ»-ում հրապարակված առաջին հոդվածիս թեման  «Արևադարձային հիվանդություն» թեման էր։  Աստված գիտի՝ որքան պրպտացի, մինչև հայտնաբերեցի, որ խոսքը այդ տարիներին մեր ժողովրդին զբաղեցնող, մխիթարող, «լևի» լույսի տակ մասսայական դիտումներ ունեցող տրոպիկական սերիալների մասին էր։ «Հայք»-ում տպագրված առաջին հոդվածիս վերնագիրը չեմ հիշում, բայց Մշակույթի Հայկական ֆոնդի տնօրեն Արևշատ Ավագյանի հետ հարցազրույց էր՝ թեմայի շրջանակում։

Մինչ «Կանչ» -ում ամեն ինչ սահուն ընթանում էր, մի օր «Հայք»-ում բախվեցի աներևույթ պատի ու թևերը կոտրած ինքնաշեն, միանգամյա օգտագործման սարքի նման տապալվելով, երկար ժամանակ չվերականգնվեցի։

Ցուրտ ձմեռ էր։ «Երևանի դպրոցներում ջեռուցման վիճակը» թեմայով հոդված պետք է գրեի։ Իրականացրեցի իմ առաջին լրագրողական հետաքննությունը։ Հանդիպեցի ղեկավար մարդկանց, ճշտեցի, թե որքան դիզ․վառելանյութ է օրական հատկացվում յուրաքանչյուր դպրոցի, այնուհետև՝ դասարանի։ Հանդիպեցի նաև մի քանի դպրոցների տնօրենների հետ, տեղեկացա, թե որքան վառելիք են իրենք ստանում, տրամադրում յուրաքանչյուր դասարանի, ուսումնասիրեցի՝ արդյո՞ք բոլոր դասարաններն են ջեռուցվում և ստույգ թվերով հիմնավորեցի Երևանում դպրոցների ջեռուցման իրական պատկերը՝ տոննաներով անհետացող վառելանյութ, որը պատշաճ չի հատկացվել դպրոցներին, այնուհետև, ոչ պակաս պատշաճ տնօրենների կողմից չի տրամադրվել դասարաններին՝ մի մասը արևկող լինելու, մի մասը դասաժամերը կրճատելու և այլ անհեթեթ պատճառաբանություններով։

Այն ժամանակ միամտություն էր հավատալ, թե այս հոդվածս կտպագրվի, բայց ես հավատում էի ու սպասում։ Չէի կարող պատկերացնել, որ լուրջ թեմային լրջորեն վերաբերվելը իմ կողմից հիմարություն է եղել։

Խմբագրությունում կարդացին հոդվածս և ինձ ճանապարհեցին՝ չհանձնարարելով նոր առաջադրանք․ շաբաթներով սպասեցի հոդվածիս տպագրությանը։ Գնում էի խմբագրություն, ասում էին այրվել է, կորել է, մյուս շաբաթ լույս կտեսնի, մի խոսքով ամեն ինչ, բացի նրանից, որ չի տպագրվելու։ Այնքան միամիտ էի, որ տանում էի պատճեն, ամեն շաբաթ կրպակից գնում էի թերթը, որ համոզվեի՝ տպագրվե՞լ է հոդվածս, թե ոչ։ Պարզապես ներդրումս չափից ավելին էր համակերպվելու համար՝ հոգի, սեր, չարչարանք, ժամանակ, չեղած տեղից տրանսպորտների գումար․․․ Եվ հետո, եթե այսքան աշխատելու եմ և վերջում չի տպագրվելու, ապա ինչու՞ շարունակեմ գրել։ Ինչ է, միայն խաղաղ-գեղեցիկ հոդվածներո՞վ են արժանանում տպագրության։

Այնքան հիասթափվեցի, որ անգամ «Կանչ» չէի գնում, այնքան չարացա, որ սկսեցի մեղավորներ փնտրել ու գտա, և նա Աշոտ Բլեյանն էր։ Այսպես էի մտածում՝ քանի որ ինքն էր Կրթության նախարարը, ինքն էր պատասխանատու դպրոցներում կատարվող անարդարության համար։ Եթե ես լուսաբանեի այլ բան, ապա հոդվածս լույս կտեղներ։ Սկսեցի նրան մեղադրել իմ վաղավախճան թղթակցության և բոլոր տեսակի դեպրեսյաների համար, որ ունեցա այդ շրջանում։

Առջևում ընդունելության քննություններ էին։ Բացի Վ․ Բրյուսովի անվան Օտար լեզուների ինստիտուտից, առաջնահերթ նշել էի Երևանի Պետական Համալսարան՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Ծնողներս մի հսկայական տուն-հողատարածք էին վաճառել՝ ինձ պահանջվող առարկաները կրկնուսույցների մոտ պարապել տալու, բայց ոչ երբեք կաշառքով բուհ ընդունելու համար։ Թեև այդ տարիներին հենց այդպես էին ընդունվում մարդիկ, ծանոթ-բարեկամով, կաշառքով, հատկապես ժուռնալիստիկայի նման բաժիններում, որտեղ տեղերը խիստ սահմանափակ և վաղուց արդեն գնված էին։ Այս անգամ ևս իմ երազած Ժուռնալիստիկա բաժինը չընդունվելու համար հիշեցի կրթության նախարար Աշոտ Բլեյանին, ով իմ անհաջողությունների սիմվոլն էր դարձել։ Այդ սիմվոլը այնքան հրթիռային էր, որ բարձրացավ երկինք, ամրագրվեց տիեզերքում և այնտեղ քարտեզագրեց այն ուղին, որը տարիներ անց ինձ սլաքելու էր դեպի «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր՝  կյանքով ապացուցելու, որ Նա և իր ստեղծած անկախ-առողջ կրթահամալիրը ո՛չ միայն անհաջողություններիս սիմվոլը չի եղել, այլև իմ հաջողությունների աստղն է՝ ամենապայծառ լուսատուն։ Առաջինը, որ փոխեցի կարծիքս, դա իմ՝ կրթահամալիրում բաց մրցույթով  աշխատանքի անցնելն էր։ Այնուհետև, իմ հանդեպ ցուցաբերած համբերատարությունը՝ ինձ միշտ ներելու, հանդուրժելու, ինձնից ուսուցիչ կերտելու և ժամանակակից դպրոցում կայանալու հնարավորություն տալը։ Չգիտեմ, թե քանի սովորողի համար եմ էական նշանակություն ունեցել, իմ հետքը թողել նրանց վրա, բայց գիտեմ, թե ինչքան խորն է կրթահամալիրի թողած հետքը իմ կերտվածքում։ Այստեղ ես դարձել եմ բնապահպան, որը երբեք չեմ եղել, դարձել եմ լրագրող՝ էկոլուրը վկա, անգամ դարձել եմ ավելի հայտնի սենսեյ, քան ինձ կդարձներ որևէ ֆեդերացիա։ Իմ մեջ փոխվել են որակներ, հայացքներ, կեցվածքներ ու կերտվածքներ։ Հոգուս մեջ եղել են ծնունդներ և վերածնունդներ։ Սովորել եմ զգալ առաջացող  զգայական աստիճանները, վիճակի գոյությունը, վարքագրություն ու կենսամակարդակ։ Ունեցել եմ զբաղմունքի ու ապրուստի բնագավառ, ձեռք եմ բերել մտերիմներ, շրջապատ, նույնիսկ՝ ընկերներ։ Այստեղ ես հայտնվեցի ոստիկանությունում, շուտով նաև կկանգնեմ դատարանում, ու պատկերացրեք, որ այս ամենն ինձ դուր է գալիս իր ողջ փաթեթով, որի համար ասում եմ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն և Շնորհավո՛ր 30 ամյակդ, սիրելի՛ կրթահամալիր։Թող քո սերունդները քեզ գնահատեն ու շենացնեն, թող քեզնից երակ մտնի թեկուզ ողջ աշխարհը, միևնույն է դու կսնուցես նրան քո կենարար կրթական պարտեզով։

Աստված ստեղծեց դրախտը, Բլեյանը՝ կրթական պարտեզը․ էկոզինվորները կպաշտպանեն պարտեզը։

 

Մ․ս․ա․ և  Մ․ս․հ․*-Մխիթար Սեբաստացուց առաջ, Մխիթար Սեբաստացուց հետո

ինքնագրամա*-ինքնաբացահայտման ուղի

էնեագրամա*-Էնեագրաման, ունենալով խորհրդավոր և միստիկ անցյալ, ի վերջո դարձավ հոգեբանական մի գործիք, որը բացահայտում է մարդու ամենախորքային և արտաքուստ չերևացող գծերը։ Այն հզոր գործիք է ճանաչելու նախ սեփական անձը, ապա նաև՝ բացահայտելու մարդու հոգեկան աշխարհը, մեզ շրջապատող մարդկանց վարքը և մոտիվացիան։

 

2 thoughts on “Կրթահամալիրն ինձ համար․ խոստովանություն

  1. Սիրելի Հայկուհի Հովհաննիսյան, նախքան քո բնութագիրդ գրելը նորից բացեցի քո ուսումնական բլոգը ու մեծ հետաքրքրությամբ, մի քիչ էլ զարմանքով կարդացի քո այս խոստովանությունը: 15-16 տարեկանում լինել այդքան հասուն, հետևողական, արդարամիտ ու նպատակասլաց. եզակի ես անկոտրուն բնավորությամբ, հոգու ուժով, քո ամբողջ էությամբ:

    • Mr. Yura ջա՜ն, երախտապարտ եմ քաջալերանքի, բարի խոսքերի համար, նրա համար, որ միշտ ուսուցանում, ուղղորդում, ոգևորում, գնահատում եք, լցնում ջերմությամբ։ Շնորհակալ եմ, որ դուք կաք, որ ունենք Ձեզ․․․

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s