Նա մանկավարժ էր ոչ թե պաշտոնով, այլ կոչումով

Յոհան Հայնրիխ Պեստալոցցին  18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի ականավոր  մանկավարժներից մեկն է։ Նա անձնվիրաբար իր ուժերը ներդրել է անապաստան, ծնողական խնամքից զուրկ երեխաների դաստիարակության ու խնամքի կազմակերպման գործում: Պեստալոցցին առաջին մանկավարժներից էր, որ գտնում էր, որ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել երեխաների խնամքով զբաղվող հաստատություններում աշխատող դաստիարակների մանկավարժական պատրաստմանը:

1774 թվականին Նոյհոֆում Պեստալոցցին բացում է «Հիմնարկ աղքատների համար»։ Նա հավաքում է հիսունից ավելի որբ երեխաների և սկսում նրանց կրթել ու դաստիարակել: Երեխաները պետք է և´ աշխատեին, և´ սովորեին: Նրանք զբաղվում էին հողագործությամբ` կատարելով բազմաթիվ դաշտային աշխատանքներ, մեղվաբուծությամբ, բանջարաբուծությամբ, ձմեռը զբաղվում էին նաև արհեստներով, սովորում կարդալ, գրել ու հաշվել: Իր ծրագիրը իրագործելու համար Պեստալոցցին բավարար միջոցներ չուներ, բայց դա չէր կարող խոչընդոտ լինել մեծ մանկավարժի համար: Թերթերից մեկում նա վստահեցնում էր, որ երեխաները աշխատելով կարող են ոչ միայն հոգալ իրենց սեփական կարիքները, այլև կարող են որոշակի գումար կուտակել, որը բավարար կլինի հիմնարկից կյանք դուրս եկող երիտասարդների համար:

Պեստալոցցին ցանկանում էր, որ Նոյհոֆը օրինակ լինի ողջ Շվեյցարիայի համար, որ բացվեն այդպիսի հաստատություններ Շվեյցարիայի բոլոր ծայրերում: Ժամանակի համար նոր ու անսովոր գաղափարը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Երկու նպատակներից, որոնք հետապնդում էր Պեստալոցցին, առաջինը և ամենակարևորը հավաքված երեխաների դաստիարակությունն էր, որն իրականանում էր շնորհիվ այն ջերմ սիրո, որ Պեստալոցցին տածում էր երեխաների հանդեպ: Նա հավաքեց այնքան երեխաներ որքան կտեղավորվեր իր կառուցած հսկայական տան մեջ: Պեստալոցցու միակ օգնականը կինն էր՝ Աննան: Նրանք երկուսով հոգում էին, որ երեխաները կուշտ լինեին, սովորեցնում էին նրանց գրել, կարդալ: Զարմանալի չէ, որ երեխաներն էլ Պեստալոցցուն էին շատ սիրում, և նրա խոսքը օրենք էր բոլորի համար: Շատ կարճ ժամանակ անց Նոյհոֆում հավաքված թափառաշրջիկ երեխաները անճանաչելիորեն փոխվեցին: Նրանք` այդ բարի, քնքուշ արարածները, ամեն ինչ անում էին, որպեսզի գոհացնեին իրենց «հորը»: Բայց մեկ տարի անց ակնհայտ էր, որ Նոյհոֆը` «Մանկական թագավորության» այդ ամրոցը կառուցված էր ավազի վրա: Պեստալոցցու երազանքը, որ երեխաները իրենք կարող են վաստակել իրենց գոյությունը պաշտպանելու համար, հեռու էր իրականությունից, և ամբողջ հոգսը ընկած էր իր ուսերին: Արդեն առաջին տարվա վերջում բոլոր ռեսուրսները սպառվեցին: Այդ ժամանակ (1775 թվական) Պեստալոցցին օգնություն խնդրեց մարդկանցից․ «Մարդկության բարեկամներին խնդրանք, օգնելու այն հաստատությանը, որ խեղճ գյուղացիների երեխաներին դաստիարակելու ու կրթելու նպատակ ունի»: Ստացված օգնությունը (1400 ֆրանկ) բավականացրեց շատ կարճ ժամանակ միայն: Բայց Պեստալոցցին չէր հուսահատվում: Նա վստահ էր, որ պետք է պարզապես մի փոքր էլ համբերել, և հաստատությունը իր դրական արդյունքներով հասարակությանը կստիպեր հասնել օգնության: Պեստալոցցին սկսեց վաճառել ամենը, ինչ հնարավոր էր միայն թե հիմնարկը չփակվեր: Շվեյցարիայի բուրժուաները այդ քայլը ընկալեցին որպես անմտություն: Նույնիսկ ընկերներն էին զարմանում Պեստալոցցու արարքից, և այն հարցին թե, որն է նրա շահը այս ամենի մեջ, նա պատասխանում էր․

Aquote1.png Աննկարագրելի մեծ երջանկություն է տեսնել մեծացող ու ծաղկող պատանիներին ու աղջիկներին, ում` աղքատությունը այդքան մոտեցրել էր կործանման: Այնքան մեծ երջանկություն է տեսնել նրանց գոհ ժպիտը, նրանց սովորեցնել արդար աշխատանքին, լսել նրանց անմեղ աղոթքները ավելի լավ ապագա ունենալու համար՝ այն դեպքում, երբ ամեն ինչ կործանված էր թվում․․․ Aquote2.png

Ի վերջո վերջացան նաև վերջին միջոցները: Նոյհոֆի բնակիչներին սովամահություն էր սպասվում: Պեստալոցցին ստիպված է փակել հիմնարկը, իսկ դա նրա համար աներևակայելի դժվար էր, չէ որ այդ ամենի մեջ նա ներդրել էր իր հոգին, իր ողջ ուժերը, փոքրիկ բնակիչներին նվիրել իր անսահման սերը. դժվար էր դարձյալ երեխաներին թողնել բախտի քմահաճույքին: Բայց ոչինչ անել հնարավոր չէր: Պեստալոցցին հայտնվեց ծանր վիճակում, նրանից հրաժարվեցին բոլորը: Կային մարդիկ, որոնք սիրում էին Պեստալոցցուն, բայց նրանց համար էլ նրա արարքը անհեթեթ էր թվում:

Պեստալոցցին մանկական աշխատանքի մեջ ամենից առաջ տեսնում էր ֆիզիկական ուժերի, մտավոր ու բարոյական ունակությունների զարգացման միջոցը, աշխատում էր երեխաներին տալ ոչ թե նեղ մասնագիտական հմտություններ, այլ աշխատանքային բազմակողմանի պատրաստություն: Սրանում է կայանում Պեստալոցցու Նոյհոֆյան փորձի կարևորագույն մանկավարժական նշանակությունը: Սակայն այս փորձը զուրկ չէր նաև զգալի թերություններից: Սրանց թվին պետք է դասել, ոչ միայն Պեստալոցցու սխալ պատկերացումն այն մասին, որ իբր երեխաների աշխատանքը կարող է լրիվ հոգալ նրանց գոյության համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Ապաստարանում տեղ ուներ երեխաների աշխատանքի և նրանց ուսուցման միջև մեխանիկական կապ, չկար գիտական հիմնավորումն այն ամենի, ինչով երեխաները զբաղվում էին արհեստանոցում, դաշտում, պարտեզում:


Ալբերտ Անկեր. «Պեստալոցցին որբերի հետ»

Ֆրանսիական հեղափոխությունը, որ տարածվել էր գրեթե ամբողջ Եվրոպայում, հեղափոխական շարժում առաջացրեց նաև Շվեյցարիայում: Նախկին կարգերը վերացան, հաստատվեցին նոր կարգեր: Որոշ շրջաններ սկսեցին գործել նոր կարգերի դեմ: Ֆրանսիացիները, որոնք այդ ժամանակ Շվեյցարիայում էին ժողովրդին պաշտպանելու պատրվակով, իրականում տանջանանքների ու չարչարանքների էին ենթարկում նրանց: Երբ Ստանց քաղաքում բռնկվեց ազնվականության և կաթոլիկ հոգևորականության կողմից հրահրված գյուղացիների ապստամբությունը, և ապստամբության ճնշումից հետո շատ երեխաներ մնացին անապաստան, Պեստալոցցուն հանձնարարվեց նրանց համար կազմակերպել դաստիարակչական հիմնարկություն: Առաջարկը Պեստալոցցին ընդունեց մեծ ուրախությամբ և անմիջապես գնաց այն վայրը, որտեղ պետք է ծավալեր իր գործունեությունը, և որին սպասել էր այդքան երկար տարիներ: Պեստալոցցին նախկին վանքի շենքում բաց արեց ապաստարան անապաստան մնացած երեխաների համար, որտեղ ընդունվեց 5-ից մինչև 10 տարեկան 80 երեխա: Երեխաները, ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական առումով, գտնվում էին ամենասարսափելի վիճակում: Պեստալոցցին ձգտում էր ապաստարանը դարձնել մի մեծ ընտանիք, երեխաների համար նա դարձել էր հոգատար հայր ու լավագույն ընկեր: Հետագայում, ընկերներից մեկին հասցեագրված նամակում, իր Ստանցում գտնվելու մասին նա գրել է.

Aquote1.png Առավոտից մինչև երեկո ես մենակ էի նրանց մեջ… Իմ ձեռքը նրանց ձեռքերի մեջ էր, իմ աչքերը նայում էին նրանց աչքերին: Իմ արցունքները հոսում էին նրանց արցունքների հետ, և իմ ժպիտը հաջորդում էր նրանց ժպիտին: Նրանք աշխարհում չէին, Ստանցում չէին, նրանք ինձ հետ էին, իսկ ես` նրանց հետ: Նրանց սնունդը նաև իմ սնունդն էր, նրանց խմելիքը` իմ խմելիքը: Ես ոչինչ չունեի` ո´չ տուն, ո´չ բարեկամ, ո´չ ծառաներ, ունեի միայն նրանց: Aquote2.png

Պեստալոցցու հայրական հոգատարությանը ապաստարանի սաները պատասխանում էին անկեղծ մտերմությամբ ու սիրով, որը նպաստում էր նրանց բարոյական դաստիարակության հաջող իրագործմանը: Իր կյանքի վերջին տարիների հուշերում, Պեստալոցցին այսպես է գնահատել իր փորձը Ստանցում.

Aquote1.png Դա ինձ համար որոշիչ և համարյա խենթ մի քայլ էր, «տեսնելու» ունակ մարդը այդ չէր անի, բայց բարեբախտաբար ես «կույր» էի: Ես հստակ չգիտեի, թե ինչ եմ անում, բայց ես գիտեի, որ ուզում եմ այդ անել, իսկ դա ինձ համար նշանակում էր կա´մ մեռնել, կա´մ հասնել նպատակին… Ուրախացած, որ իմ ամբողջ կյանքի երազանքը կարող է իրականանալ, ես ոչ մի րոպե չտատանվեցի, որ կյանքս սկսում եմ բարձր Ալպերում, առանց կրակի և առանց ջրի: Aquote2.png

Բացի երեխաների հանդեպ ջերմ սիրուց, Պեստալոցցին ուներ ևս մեկ միջոց, և այդ միջոցը նրա անսահման հարգանքն էր դեպի երեխաների անձը, հենց այդ հարգանքն էլ հրաշքներ էր գործում, կարճ ժամանակ անց երեխաները անճանաչելիորեն փոխվել էին: Պեստալոցցին չէր հրամայում, ոչինչ չէր պահանջում երեխաներից, նա բացատրում էր թե ինչ է պետք անել և ինչի համար, և երեխաները հետևողականորեն անում էին այն, ինչ պետք էր: Շատերի համար այդ ձևը անիրականանալի է թվում, բայց Պեստալոցցին արեց այդ, ընդ որում ամենաանբարենպաստ պայմաններում: Պեստալոցցու հաջողությունն այն էր, որ նա մանկավարժ էր ոչ թե պաշտոնով, այլ կոչումով: Վերջապես թվում էր, թե ամեն ինչ կարգին է, բայց ծավալված ռազմական գործողությունների պատճառով ապաստարանի շենքը զինվորական հիվանդանոց դարձնելու կարիք զգացվեց, և ապաստարանը փակվեց։ Պեստալոցցուն ոչինչ չէր մնում անել քան թողնել երեխաներին, որովհետև ոչ տանիք կար, որտեղ կարող էր համախմբել երեխաներին, ոչ էլ ուտելիք: Սա Պեստալոցցու համար արդեն երկրորդ ծանր հարվածն էր, որը չէր կարող չանդրադառնալ թե´ նրա ներաշխարհի և թե´ ֆիզիկական առողջության վրա:

1799 թվականին Պեստալոցցին սկսում է էքսպերիմենտալ աշխատանքներ տանել Բուրգդորֆ քաղաքի դպրոցներում: Նրան հաջողվեց ապացուցել, որ երեխաներին գրաճանաչություն և հաշիվ սովորեցնելու իր մեթոդը շատ առավելություններ ունի ուսուցման ավանդական ձևերի համեմատությամբ, և իշխանությունները նրան հնարավորություն ընձեռեցին կիրառելու այդ մեթոդիկան ավելի լայն մասշտաբներով: Բուրգդորֆում բացվեց միջնակարգ դպրոց` հանրակացարանով, և դպրոցին կից նաև ուսուցչական կադրեր պատրաստող բաժանմունք. այս դպրոցի ղեկավար նշանակվեց Պեստալույցին: 19-րդ դարի հենց սկզբներին լույս տեսավ նրա «Ինչպես է Հերտրուդան սովորեցնում իր երեխաներին», «Գիրք մայրերի համար», «Դիտելու այբուբեն», «Թվերի զննական ուսուցում» աշխատությունները, որոնցում շարադրված էին տարրական ուսուցման նոր մեթոդները: Պեստալոցցու գրքերը, որտեղ նա բացատրում էր ժողովրդի կրթության կարևորությունն ու անհրաժեշտությունը, մեծ արձագանք գտան ժամանակի շվեյցարական գործիչների շրջանում: Այդ պայմաններում Պեստալոցցու կրթադաստիարակչական հաստատություն բացելու գաղափարը մեծ արձագանք գտավ: Ղեկավարությունը Պեստալոցցուն տրամադրեց Բուրգդորֆյան դղյակը: Այն իր գեղեցիկ, կանաչապատ շրջակայքով, թարմ օդով, որն առողջարար էր սովորողների համար, լիովին համապատասխանում էր, լինելու այնպիսի վեհ հաստատություն, ինչպիսին Պեստալոցցու ինստիտուն էր: Այստեղ սովորում էին և´ ունևոր ընտանիքների երեխաները (նրանց ուսուցումը վճարովի էր), և´ աղքատ, որբ երեխաները: Բուրգդորֆյան ինստիտուտը բացվեց 1800 թվականին: Նոր կրթական հաստատության փառքը տարածվեց ողջ Շվեյցարիայում և նույնիսկ հարևան երկրներում: Հաստատության առաջին այցելուները տալիս էին հիացական մեկնաբանություններ:

Բուրգդորֆի ամրոցը, Շվեյցարիա

Ահա դրանցից մեկը՝

Aquote1.png Տագնապային անհանգստության մեջ գտնվող հանճարեղ այդ մարդը` չճանաչված և բոլորի կողմից լքված, վերջապես կարողացավ իրագործել այն երազանքը, որին նա նվիրել էր իր ողջ կյանքը, զոհաբերելով ողջ ուժերը: Նրա ստեղծած համակարգը կիրառական է բոլոր ազգերի և բոլոր ժամանակների համար: Այն անընդհատ է ինչպես բնությունը, և նրա օգնությամբ հնարավոր է կրթել ոչ թե գիտնականներ, այլ մարդիկ, ինչին և պետք ձգտել ու հասնել։ Aquote2.png

Օրեցօր ավելի ու ավելի էր տարածվում Բուրգդորֆի հռչակը: Այստեղ գալիս էին Եվրոպայի բոլոր ծայրերից և նույնիսկ Ամերիկայից: Հազիվ թե Բուրգդորֆի բոլոր այցելուները հասկանային Պեստալոցցու գաղափարներն ու դասավանդման համակարգի էությունը, բայց տեսնելով բնակիչների փոխհարաբերությունները գալիս էին այն համոզման, որ «սերն աստվածային ուժ ունի, և դաստիարակողի և դաստիարակվողների փոխադարձ սերը հրաշքներ է գործում»: Պատահական չէ, որ Պեստալոցցու համբավը տարածվել էր գրեթե ամբողջ աշխարհում, և շվեյցարացիները Պեստալոցցուն համարում էին իրենց ազգի պարծանքը:

Պեստալոցցու ժառանգության ուսումնասիրման գիտական և գործնական հետաքրքրությունը չի նվազում արդեն ավելի քան երկու հարյուրամյակ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s