Հետհանձնումը` վերջին հույս

Փարաքար համայնքում կոյուղաջրերի՝ ջրատարին միախառնվելու և արդյունքում համայնքում գարշահոտ տարածվելու խնդիրը դեռևս չի լուծվել: Թե ով պետք է այն լուծի, պարզ չէ:

«Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանի խոսքով իրենց ընկերությունը այնտեղ որևէ անելիք չունի, քանի որ այդ համայնքում չունեն կոյուղաջրագիծ և կոյուղու համար էլ բնակիչներից գումար չեն գանձում: Ըստ Սարգսյանի՝ տասնյակ տարիներ առաջ գյուղի բնակիչների համար կառուցված կոյուղագծերը շահագործվել են համայնքապետարանի կողմից: Այժմ էլ Փարաքարում համայնքապետարանին կից կոմունալ բաժին կա, որն այդ հարցերով զբաղվում է:

«Այնտեղ վերջին տարիներին կառուցվել է կոյուղաջրերի մաքրման կայան, և իրենք էլ զբաղվում են այդ խնդրով և շահագործում: Թե ինչպես է դա գործում, և արդյոք երկու գյուղերի կոյուղաջրերն են այնտեղ հոսում, մշակվում, չեմ կարող ասել»,– նշեց նա:

Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում 950 գյուղական համայնքից 313–ում են իրենք շահագործում իրականացնում: Այսօր Հայաստանի մոտ 550 համայնք ինքն է կառավարում իր ջրամատակարարումը: «Վեոլիա Ջուր»–ն այսօր հանդիսանում է միայն նախկինում գործող 5 ջրամատակարար կազմակերպությունների սպասարկման տարածքի շահագործող, որոնք են «Երևան ջուր», «Շիրակ ջրմուղկոյուղի», «Լոռի ջրմուղ», «Նորակունք» և «Հայջրմուղկոյուղի» ընկերությունները:

«Փարաքարի կոյուղաջրերի շահագործման հետագա ճակատագիրը քննարկվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեում, և որքան գիտենք՝ ցանկանում են դրանց կառավարման համար նույնպես մասնավոր օպերատորներ հրավիրել: Այնտեղ կա համայնքապետարան, որն ունի կոյուղու ցանց, ինքն էլ սպասարկում է իր կոմունալ բաժնի կողմից: Թե արդյոք դա գոհացնում է բնակիչներին, սա մեկ այլ խնդիր է: Ամեն դեպքում դա կլուծվի տեղական ինքնակառավարման մակարդակով:

Մենք շատ տեղերում կոյուղի չունենք մեզ հանձնված, բայց օգնության կարգով գնում ենք, խցանումներ ու վթարներ վերացնում»,– հավելեց նա:
Հարցին, թե գուցե այս դեպքում էլ օգնության հասնեն, պատասխանեց, որ այնտեղ հսկայածավալ գործ կա անելու: Բայց նա չի կարծում, որ ՏԻՄ ղեկավարների՝ իրենց դիմելու դեպքում զլանան օգնել: Սակայն միևնույն ժամանակ շեշտեց, որ դա չի կարող դիտարկվել որպես մշտական աշխատանքային պարտականություն:

«Փաստը» զրուցել է նաև Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանի հետ:
Համայնքապետարանի կողմից ինչ–որ քայլեր ձեռնարկվելու է հարցին, գյուղապետը հստակեցրեց, որ համակարգը Փարաքարինը չէ, կոյուղու մաքրման կայանը և ամբողջ խողովակաշարը հանձնվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեին: Հանձնումը տեղի է ունեցել նախորդ տարվա ապրիլին, իսկ մինչ այդ էլ պատկանել է «Երևան ջուր»–ին, ուղղակի նրանք գյուղի ջրահեռացումը չեն սպասարկել:

«Ցանցը շատ վատ վիճակի մեջ է: Այսօր ոչ մենք ենք շահագործում, ոչ՝ իրենք: Ինչպես հանձնել ենք, այդպես էլ մնում է, ամբողջը քանդվում է: Կոմիտեն շահագործել չի պատրաստվում, «Վեոլիա Ջուր»–ը չի ընդունում կոմիտեից, ես չեմ կարող ծախսեր անել, որովհետև դա ուրիշի սեփականությունն է:

Մենք հիմա ծրագիր ենք մշակել, իրենց մտադրությունը գիտեմ, հետ են հանձնելու համայնքապետարանին: Ասել եմ՝ եթե անելու եք, շուտ արեք, որ մենք ծրագիր ենք անում: Եթե իրենք հետ հանձնեն, մենք գոնե այդ մակարդակը կպահպանենք, այնպես կանենք, որ կոյուղաջուր չի լցվի»,– նշեց համայնքապետը:

Խնդրի լուծման առաջնահերթ կատարողը կոմիտեն պիտի լինե՞ր հարցին հարցով պատասխանեց. «Եթե իրենց է պատկանում, իրենք են պարտավոր: Սեփականությանը, գույքին ո՞վ պետք է տիրապետի, ո՞վ սարքի: Դա իրենց գույքն է, ո՞վ պետք է տիրություն անի: Իհարկե, իրենք կարող են լիազորել ու ֆինանսավորել համայնքապետարանին այդ աշխատանքները կատարել: Ամիսը 200 հազար դրամ էլեկտրաէներգիա է ծախսվում, իսկ այդ գումարը ես այսօր չունեմ»:

Ի վերջո իր համայնքի համար ինչ լուծում է տեսնում հարցին հետևյալ կերպ արձագանքեց՝ տասնյակ միլիոնների ծախսը կգնա, ջուրը կընկնի, և գյուղը կմնա կոյուղաջրերի մեջ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանն էլ տեղեկացրեց, որ խնդրին տեղյակ են, սակայն ներդրումներ իրականացնելու հնարավորություն չունեն, քանի որ խնդրի լուծումը մեծ գումարներ է պահանջում:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s